ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը հրապարակել է դեկտեմբերի 14-ին «Դվին» հյուրանոցում տեղի ունեցած գալա ընթրիքի ընթացքում նիվրատուների ցանկը. նրանք 84-ն են:
Ամենախոշոր նվիրատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է, ընկերությունը հիմնադրամին է նվիրաբերել 200 մլն ՀՀ դրամ: Երկրորդ խոշոր նվիրատուն «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամն է, նվիրաբերել է 150 մլն ՀՀ դրամ: Երրորդ խոշոր նվիրատուն է Ջորջ Բաղումյանը, ով հիմնադրամին նվիրաբերել է 200 հազար ԱՄՆ դոլար: Հաջորդ խոշոր նվիրատուներն են «Corporation America»-ն և բարերար Գաբրիել Չենբերջյանը, նրանք «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերել են 100 հազարական ԱՄՆ դոլար:
42 մլն 300 հազար դրամ էլ հիմնադրամի հասույթին փոխանցվել է երեկոյի ընթացքում տեղի ունեցած աճուրդից:
Աննա Հակոբյանի հիմնադրամի նվիրատուների ցանկում նաեւ հետաքրքիր ընկերություններ կան, որոնց սեփականատերերը նախկին իշխանության վառ ներկայացուցիչներ են:
Մասնավորապես, հիմնադրամին «ՅՈՒՔՈՄ» ընկերությունը նվիրաբերել է 15 մլն դրամ: Այս ընկերությունը կապվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, որը հիմա անցնում է չարաշահուների գործով: «Իմ քայլին» 10 մլն էլ փախանցվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից, որը պատկանում է Գագիկ Խաչատրյանի որդիներին: Ի դեպ, հենց այս ընկերությունն է, որ Երեւանի քաղաքապետարանին ավտոկայանատեղի է նվիրում:
Նվիրատուների թվում է նաեւ Սերժ Սարգսյանին նախկինում անփոխարինելի համարող Սասի Արտակը՝ Արտակ Սարգսյանը: «ՍԱՍ գրուպը» հիմնադրամին փոխանցել է 5 մլն ՀՀ դրամ: Այս իշխանության սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյաի դուստրը՝ Լուսինե Ալեքսանյանն էլ հիմնադրամին նվիրաբերել է 10 մլն դրամ: