Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հայտարարությունը՝ 2021 թվականին աղետի գոտու վերացման մասին։
«ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյան խոսքերը 2020թ.-ին 3 մլրդ. դրամով աղետի գոտու անօթեւանության խնդրի մեկընդմիշտ լուծման մասին վերաբերվում է հիմնականում գյուղական համայնքներում պետության կողմից տարիներ առաջ շահառու ճանաչված խմբին միայն, մոտ 450 ընտանիք։
Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից միայն Գյումրի քաղաքում այս պահի դրությամբ քարտեզագրվել է մոտ 2450 բնակեցված ժամանակավոր կացարաններ, որտեղ բնակվողների հարցի հետ պարոն Վերմիշյանի հայտարարության այդ մասն առնչություն չունի, սակայն որոշ լրատվամիջոցների կողմից թյուրիմացաբար ներկայացվում է որպես անօթեւանության ամբողջական խնդրի լուծում։
Առաջ ընկնելով ասեմ, որ շուտով այդ խնդրի լուծման ժամկետները եւս պարզ կլինեն»,-գրել է նա։