Եկեք պատկերացնենք կշեռք, մի նժարին դնենք 300 հազար քկմ հայրենիք՝ բայց չճանաչված պետության, մյուս նժարին՝ 29 743 քկմ հայրենիք, բայց որպես ճանաչված պետություն, ո՞րն ավելի ծանր կլինի. Փաշինյան


Եկեք պատկերացնենք կշեռք, մի նժարին դնենք 300 հազար քկմ հայրենիք՝ բայց չճանաչված պետության, մյուս նժարին՝ 29 743 քկմ հայրենիք, բայց որպես ճանաչված պետություն, ո՞րն ավելի ծանր կլինի. Փաշինյան
Հուլիս 30 23:59 2025

«Մարդու ամենամեծ դժբախտությունն այն է, որ նա չգիտի՝ ինչքան երջանիկ է։ Սա շատ ուժեղ ուղերձ է»,- «Կրթվելը նորաձև է» շարքի հերթական հանդիպմանը իր բանախոսության ժամանակ այս խոսքը մեջբերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նա ընդգծեց՝ մեր դժբախտությունը եղել է այն, որ մենք հենց հայրենիք-պետություն հարաբերություններում չենք նկատել՝ ինչքան երջանիկ ենք։ 

 

«Եկեք պատկերացնենք մի մեծ վիրտուալ կշեռք, մի նժարին դնենք 300 հազար քկմ հայրենիք՝ բայց առանց միջազգայնորեն ճանաչված պետության, մյուս նժարին՝ 29 743 քկմ հայրենիք, բայց որպես միջազգային ճանաչված պետություն, փորձենք կշռել՝ որն ավելի ծանր կլինի։ Իմ կարծիքով՝ ծանր կլինի միջազգայնորեն ճանաչվածը։ 

 

Օրինակ՝ ինչ ունի հայրենիք-պետությունը, որ չունի ուղղակի հայրենիքը․ օրինակ՝ անձնագիր, միջազգային չվերթ, դեսպանատուն և այդպես շարունակ։ Մեր խնդիրը հենց այդ է․ այս վերջերս շատ միստիկ բան է տեղի ունեցել։ Ես 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո ԱԺ-ում հայտարարություն արեցի, որն աղմուկ առաջացրեց, ասացի՝ պետք է մտածենք հայրենասիրության մեր մոդելի մասին։ Ասացի՝ այն ձևը, որով սիրում ենք հայրենիքը կամ այն ընկալումը հայրենասիրության, որ ունենք, իմ կարծիքով՝ դրա հեղինակը մենք չենք։ Ես հասկացա, որ մենք այ այս երկրին՝ մեր երկրին, վերաբերվում ենք որպես հայրենիքի մնացորդի»,- նշեց նա։

 

Վարչապետի խոսքով՝ մեզ անընդհատ ներշնչել են, որ կենսական տարածքը մեր փոքր է, մեզ ավելի մեծ երկիր է պետք։

 

«Իմ պատկերացումները սկսեցին փոխվել մի հանդիպումից․ երբ Սինգապուրի վարչապետի հետ էինք խոսում, տարբեր բաներ էի պատմում, զրուցում էինք ոչ պաշտոնական, երբ ինքը ինձ հարցեր տվեց, մեկ էլ իմ մի հարցին ի պատասխան՝ խորը հոգոց քաշեց, ասաց՝ դուք մեծ երկիր եք, ձեր պրոբլեմներն էլ համապատասխանաբար մեծ են։ Երբ ասաց՝ մեծ երկիր եք, ես տեղից վեր թռա։ Ու էլ իրականությունը չեմ հիշում, թե էդ մարդուն ոնց ճանապարհեցի, ուզում էի հասկանալ՝ ինչ ասաց էդ մարդը։ Պարզվեց՝ Սինգապուրն իր տարածքով Սևանի կեսի չափ է։ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը այն մասին է, որ մենք պետք է դադարեցնենք հայրենիքի փնտրտուքը»,- ասաց նա։