Բախտի բերմամբ, թե պատահմամբ Ազգային ժողովում հայտնված Լուսինե Բադալյանը՝ Լուլուն հասարակությանը ուղղորդում է կարդալ միայն Armtimes.com։ Բոլորին է հայտնի, որ սա այն լրատվամիջոցն է, որ պատկանում է երկրի ղեկավարի ընտանիքին։ Լուլուն նաեւ կոչ է անում պատգամավոր իր գործընկերներին, որպեսզի նրանք հարցազրույց չտան մյուս բոլոր լրատվամիջոցներին, քանզի ըստ նրա մյուսները պատվերներ են կատարում։ Չենք պատրաստվում պահանջել, որպեսզի Լուլուն ներողություն խնդրի կոնկրետ մեր լրատվամիջոցից, զուտ այն պատճառով, որ ի տարբերություն պատգամավոր դարձած նախկին լրագրության «ռահվիրայի» մենք հարգում ենք մեր գործընկերներին, հակառակ դեպքում ստիպված կլինեինք դիմել դատարան եւ պահանջել, որպեսզի Լուլուն հատիկ առ հատիկ ներկայացնի բոլոր այն ապացույցները, որոնք ըստ նրա փաստում են, որ մենք ուղղորդված լրագրություն ենք մատուցում։
Ի դեպ Լուլուն տարիներ շարունակ աշխատել է տարբեր լրատվամիջոցներում, եւ հետեւաբար եթե գտնում է, որ բացառապես Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցն է օբյեկտիվ տեղեկատվություն մատուցում, ապա ինչու՞ է դրսեւորել անսկզբունքայնություն եւ աշխատել օրինակ Դաշնակցությանը պատկանող «Երկիր Մեդիա» ՀԸ-ում։ Ստացվում է Լուլուն հեռուստադիտողների առաջ առնվազն անազիվ է եղել։ Այդ ժամանակ իհարկե դա մերօրյա օրենսդիրին չէր մտահոգում։ Նա ստամոքսի հարց էր լուծում։
Հիմա իրավիճակ է փոխվել։ Լուսինե Բադալյանի ստամոքսի հարցը լուծում են ՀՀ հպարտ եւ ոչ պակաս հպարտ հարկատուները, վճարելով նրան աշխատավարձ։ Լուսինե Բադալյանը հիմա քաղաքական գործիչ է։ Մի ժամանակ նա քաղաքական գործիչներին նաեւ մարդ չէր համարում։ Ժամանակին ուսուցչուհու կողմից «մարտնչող ապուշ» որակումը ստացած Բադալյանը պարզվում է ոչ միայն ԶԼՄ-ներում տերեր փոխելու սովորույթ է ունեցել, այլ նաեւ քաղաքականությունում։
Հիմա հակիրճ պատմական ակնարկ կատարենք այս պատգամավորի հայացքների փոփոխության վերաբերյալ:
Դեռևս 2016 թվականին Լուսինե Բադալյանը գրառում է կատարում, ուր գովերգում է «Սասնա Ծռերի» առաջնորդ Վարուժան Ավետիսյանին: Նա համարում է, որ իր հերոսը Վարուժան Ավետիսյանն է և ինքը կցանկանար Ավետիսյանին տեսնել Բ26-ում: Գրառումը մեջբերում ենք.
Փոխվում է տարին, փոխվում են նաև Լուսինե Բադալյանի պատկերացումները քաղաքականության և ղեկավարների մասին: Ստորև ներկայացված տեսանյութն արված է 2017 թվականին: Լրատվական կայքերից մեկի հաղորդման ընթացքում Լուսինեն պատասխանում է 59 հարցի: Դրանցից մեկը հետևյալն է. «Ո՞ր դեպքում կարտագաղթեք Հայաստանից»:
Լուսինե Բադալյանը պատասխանում է. «Ճիշտ այն դեպքում, երբ իմ վերջին հույսը, այսինքն վարչապետը, հրաժարական տա, արդեն հանգիստ խղճով կարող եմ արտագաղթել Հայաստանից (տես` 9.30 րոպեից):
2017 թվականին վարչապետը Կարեն Կարապետյանն էր, և, փաստորեն, Լուսինե Բադալյանը մեկ տարվա մեջ կարողանում է երկրորդ հերոսին փոխել:
Կրկին տարի է փոխվում. 2018 թվական, իսկ հերոսն այս անգամ Նիկոլ Փաշինյանն է։
Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է։ Լուլուն այդ արվեստին լավ է տիրապետում։ Տարիները կանցնեն՝ հերոսները կփոխվեն։