Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է


Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
Հոկտեմբեր 30 19:52 2026

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «TikTok»-ում հերթական զեղծարարության մասին։ Մասնավորապես․

««TikTok» սոցիալական հարթակում տարածվում են հրապարակումներ, որոնցում ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է իբր «պետական ֆոնդից» ստանալ 350 հազար դրամի չափով նյութական օգնություն՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով։

Սակայն իրականում հանցագործները այս սխեմայով փորձում են տիրանալ Ձեր «Telegram» հաշվին՝ զրկելով Ձեզ դրա հետագա հասանելիությունից։ Ավելին՝ զավթված հաշիվը կարող է օգտագործվել նաև այլ հանցավոր գործողություններ կատարելու նպատակով, այդ թվում՝ շորթման, խարդախության և այլ քաղաքացիների նկատմամբ նմանատիպ սխեմաների կիրառման համար։

Հորդորում ենք Ձեզ՝

-չանցնել կասկածելի հղումներով,
-չլրացնել անհայտ կայքերում առաջարկվող դիմումները,
-չտրամադրել Telegram-ի մուտքի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը։

Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգեք բացառապես համապատասխան պետական մարմինների պաշտոնական աղբյուրներով։

 Մի՛ վստահեք անհայտ աղբյուրներից տարածվող ֆինանսական առաջարկներին և պահպանե՛ք Ձեր հաշիվների անվտանգությունը»։