ԱԺ նախկին պատգամավոր («Իմ քայլը» խմբակցությունից) Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է համախմբվել և Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած բռնության առնչությամբ մեկ ընդհանուր հաղորդում ներկայացնել ՀՀ դատախազություն։
Նա Aysor.am-ի հետ զրույցում նշել է՝ նման դեպքերը պետք է արժանանան իրավական գնահատականի, բռնության նկատմամբ լռությունն ու հանդուրժողականությունը կարող են հանգեցնել ավելի վտանգավոր հետևանքների։
Հովսեփյանի խոսքով՝ Ազգային ժողովում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ ամենաթողության մթնոլորտ է, բռնության դրսևորումները ոչ միայն չեն դատապարտվում, այլև ամենաբարձր մակարդակով խրախուսվում են․
«Փաշինյանը հայտարարում է, որ եթե աթոռով էր, ուրեմն՝ այդպես էր պետք։ Սա խոսում է ամենաթողության մասին։ Բայց կա մի պարզ ճշմարտություն՝ եթե բռնություն ես գործադրում, ապա պետք է դրա համար պատասխանատվություն կրես։ Անձեռնմխելիությունը իրավունք չի տալիս խորհրդարանի ներսում նման բաներ անել»։
Սոֆյա Հովսեփյանը նշել է՝ հասարակությունը շատ է հոգնել ստեղծված իրավիճակից․
«Մարդիկ զզվել են այս ամենից։ Խորհրդարանում կարող են նմանատիպ դեպքեր լինել, բայց դա չի նշանակում, որ ամեն օր պետք է ժողովրդին նյարդայնացնել»։
«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավորը հիասթափված է խորհրդարանականներից․
«Այսօր ԱԺ-ում քաղաքակրթությունից բացարձակապես հեռու մարդկանց «կուտոկ» է, ովքեր անընդհատ շղթայաձև խրախուսում են Ազգային ժողովի նիստերի տապալումը։ Այս մարդիկ պարզապես չգիտեն, թե ինչ է նշանակում քաղաքական խոսքը։ Երբ հայհոյում են, դա՞ է քաղաքական խոսքը․․․»։










