Մի օր, ես բոլորին կասեմ ճշմարտությունը.Լևոն Ալթունյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)


Մի օր, ես բոլորին  կասեմ ճշմարտությունը.Լևոն Ալթունյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)
Ապրիլ 7 22:20 2018

       ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը համոզված է , որ  կկարողանան ավարտին հասցնել   բոլոր այն նախագծերն ու ծրագրերը, որոնք ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի հավանությանն են արժանացել։ Armday.am-ի՝  Կյանքը մեկ օրում նախագծի հյուրն այս անգամ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է։

 

 

-Արդյո՞ք ժամանակը կարճ չէր Ձեր պաշտոնավարման ընթացքում ոլորտում արդյունքներ ապահովելու համար։

Հարցը տեղին է, որովհետև առողջապահությունն այն ոլորտն է, որ բարեփոխումների կամ ծրագրերի արդյունքներն, անգամ զարգացած երկրներում, շոշափելի են դառնում տարիների ընթացքում։ Կարելի է ասել` ընկուզենու նման պտուղներն ուշ են հասունանում։ Բայց դա մեզ չի վհատեցնում։ Ես համոզված եմ, որ կկարողանանք ավարտին հասցնել  մեր բոլոր այն նախագծերն ու ծրագրերը, որոնք ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի հավանությանն են արժանացել: Ես ակնկալում եմ, որ կկարողանամ իմ ցանած սերմերի բերքը տեսնել և հուսով եմ, որ արդյունքում կունենանք մեր  նախանշած` սոցիալական ուղղվածությամբ առողջապահական այն համակարգը, որը  միաժամանակ բժշկական ծառայություններ մատուցողների  լիարժեք հատուցման հնարավորություն կտա:

 

-Իսկ կասեք, թե ո՞ր ծրագրերն են տանում դեպի այդ նպատակը։

 

Այդ ծրագրերը շատ են` առողջապահական համակարգի արդիականացումից մինչև  առողջ ապրելակերպը կենսաձև դարձնելը։ Կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրումը կհանգեցնի բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, հիվանդների և նրանց հարազատների տեղեկացվածության բարձրացմանը, բնակչության սպասելիքների հստակ ձևավորմանը և  բժիշկների պաշտպանվածությանը։Էլեկտրոնային առողջապահության համակարգի ամբողջական ներդրումը կբերի բոլոր բժշկական և առողջապահական գործողությունների հաշվառմանը, ինչը թույլ կտա ճշգրիտ վերլուծություններ կատարել  և կառավարչական որոշումներ ընդունել։ Արդյունքում կբարձրանա նաև վերահսկելիությունը։ Այնպիսի գործիքներն, ինչպիսիք են  բժշկական պարտադիր ապահովագրության ներդրումը և առողջության առաջնային օղակի բարփոխումը` կծառայեն մեր առողջապահության հաճախորդամետությանը և առողջապահական կարևոր ցուցանիշների բարելավմանը` որպես ոլորտի նպատակ։

Իսկ կասե՞ք, թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում Ձեր այդքան հաճախ կատարվող մարզային այցերը։

-Նպատակը առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկների հետ հանդիպումներն են։ Ես շատ եմ կարևորում նրանց  աշխատանքը ոլորտի առաջնագծում և իմ պարտքն եմ համարում մեր գաղափարախոսությունն ու ծրագրերը անձամբ հասցնել նրանց և իրենց արժանի հարգանքի տուրքը մատուցել։ Մենք նրանց հետ նաև քննարկում ենք առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման տեսլականը: Փոքրաթիվ  բժիշկների հետ այս հանդիպումները բավական արդյունավետ են։ Անկաշկանդ մթնոլորտում քննարկումներ, բանավեճեր ենք ունենում։ Ես ներկայացնում եմ, թե ի՞նչ ճանապարհով ենք պատրաստվում 2 տարվա ընթացքում իրենց աշխատավարձները կրկնակի ավելացնել և ինչ ակնկալիքներ ունենք իրենցից։ Նրանք տեսակետներ են հայտնում նաև ոլորտում իրականացվող բարեփոխուսների մասին։ Սրանք շատ կարևոր են նաև  վաղվա մեր ծրագրերի կձևավորման գործում։

Ես մի քանի առիթով ասել եմ, որ այս տարի իմ կարևոր անելիքներից են առողջության պահպանման առաջնային օղակի բժիշկների հետ հանդիպումները և էլեկտրոնային առողջապահության համակարգի ընդլայնումը։

Թույլ տվեք ընդհատել Ձեզ։ Վերջին շրջանում, եթե չեմ սխալվում, Շիրակի մարզի ստոմատոլոգներն էին այդ համակարգին միանալուն դեմ արտահայտվում։ Ի՞նչն է պատճառը։ Հիմնավո՞ր են նրանց բարձրացրած հարցերը։

Կասեմ հետևյալը` էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման դժվարությունները ժամանակավոր են, իսկ հեռանկարը` շատ խոստումնալից։ Համակարգի լիարժեք կայացումը կարևորում եմ մի շարք պատճառներով` այն առողջապահության ոլորտում առկա ֆինանսական միջոցներն արդյունավետ և խնայողաբար օգտագործելու լավագույն գործիք է։ Երկրորդ` այդ համակարգը ժամանակի ընթացքում ոչ միայն կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, այլև զգալիորեն կդյուրացնի բժիշկների աշխատանքը, հարմարավետ կլինի նաև բնակիչների համար։ Այսօր այդ համակարգով աշխատում են պետական պատվերով բժշկական ծառայություններ մատուցող ավելի քան 450 բժշկական կազմակերպություններ, այդ թվում` 68 ստոմատոլոգիական ծառայություններ իրականացնող կազմակերպություններ։ Ավելին` 2017թ. մայիսից նրանց վճարումները  կատարվում են էլեկտրոնային առողջապահության համակարգ ներբեռնած նրանց ծառայությունների դիմաց։Ինչ վերաբերում է Շիրակի կամ Լոռու մարզի ստոմատոլոգների ընդդիմությանը, կարող եմ փաստել, որ ցանկացած դիմադրություն թերի տեղեկացվածության և ոչ ճիշտ նեգատիվ սպասելիքների արդյունք է։

Աշխարհի փորձը վկայակոչելով նշեմ, որ միջազգային լավագույն փորձի հիման վրա ստեղծված մեր համակարգը մեծ դերակատարություն կունենա երկրի առողջապահության ոլորտի զարգացման գործում։ Իհարկե, դրանում ևս մարդիկ կհամոզվեն տարիներ անց։Բոլորովին վերջերս Էլեկտրոնային առողջապահության համակարգի անխափան և ամբողջական ներդրմանը նպաստելու նպատակով փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի հետ։ Միության անդամները պատրաստ են բոլոր փորձաքննություններն ամբողջությամբ իրականացնել անվճար։ Միությունն ամենօրյա վերահսկողություն կիրականացնի համակարգում առկա տեղեկատվության անվտանգության նկատմամբ, ինչպես նաև կգնահատի, թե համակարգը որքանով է հարմարավետ օգտատերերի համար։ Իրականում, տեղեկատվության անվտանգության առումով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկված են, և այսօր ունենք չափազանց վստահելի համակարգ։ Սակայն, նախարարությունը կարևորում է նաև հասարակական վերահսկողությունը և ամենօրյա մշտադիտարկումը։

Ինչպիսի՞ն  կցանկանայիք  տեսնել  Ձեր   երազած   երկրի    առողջապահական  համակարգը:

Իմ երազած առողջապահական համակարգը պատկերացնում եմ առողջ հասարակությամբ եւ հարուստ բժիշկներով: Դա կնշանակի, որ  մեզ հաջողվել է կանխարգելիչ բժշկության արդյունավետությունը հասցնել առավելագույնի: Միաժամանակ մեծացել է երկրի համախառն արդյունքը։

Ի՞նչ եք ակնկալում ապրիլի 9-ից հետո։

Կայունություն և երկրի առաջընթաց։

Հայտնի է, որ Դուք ընթերցասեր մարդ եք։ Չե՞ք կարծում, որ գիրքը կորցնում է իր արժեքը։

Այո, կարդալ շատ եմ սիրում, բայց վերջին շրջանում դրան քիչ ժամանակ է մնում։ Չեմ կարծում, թե գիրքը` տպագիր, էլեկտրոնային, թե աուդիո, կորցնում է իր արժեքը...

-Իսկ ի՞նչ գիրք խորհուրդ կտայիք կարդալ երիտասարդներին։

-Բոլորին` առաջին հերթին` «Ավետարանը»։

 

Մտքերը շարունակելով 

 

-                 Տարիների ընթացքում:

Փորձել եմ այնպես ապրել, որ խղճիս դեմ չգնամ և Աստծո առաջ չմեղանչեմ...

-    Կյանքը մեկ օրում․․․

- Դժվարանում եմ պատասխանել, երևի օրը կանցկացնեմ ընտանիքիս և ընկերներիս հետ...

- Իմ օրերի մեջ:

-                 Գլխավորը, որ իմ օրերը հետաքրքիր ու արդյունավետ անցնեն..

-          ..Մի օր, ես…..

   -    Բոլորին  կասեմ ճշմարտությունը... (ծիծաղում է...)

Փայլակ Ֆահրադյան 

Տաթև Այվազյան 



loading...