«Հրապարակ օրաթերթի» տեղեկություններով՝ շուրջ մեկ շաբաթ առաջ միջադեպ է տեղի ունեցել Մասիս համայնքի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ նրա որդին՝ Հովհաննես Հակոբյանը, այժմ ՔՊ-ի կողմից առաջադրվել է Մասիսի քաղաքապետի թեկնածու եւ այս օրերին թեժ քարոզարշավի մեջ է։
Մասիսում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սաշա Հակոբյանը մեքենայով անցնելիս է եղել Ֆրանկոֆոնիայի փողոցով, որտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվելիս եղել՝ ծանր տեխնիկայի մասնակցությամբ։ Փողոցը փակ է եղել, նա զայրացած պահանջել է՝ «ճանապարհը բացել», ապա իջել է մեքենայից ու հայհոյանքներ հնչեցրել աշխատանքներն իրականացնողների հասցեին։ Արդյունքում, ըստ ականատեսների, շինարարական տեխնիկայի վրա աշխատող 22-ամյա մի երիտասարդ` «կռանովշչիկը», այդ հայհոյանքներից վրդովվել է եւ ապտակել նախկին քաղաքապետին։
«Սաշա Հակոբյանը նստել, թափով քշել է ավտոն։ Մտածել են՝ գնում է որդուն ու շրջապատին հավաքի, վերադառնա։ Բայց այլեւս չեն վերադարձել։ Կա՛մ որդին հոր սխալը հասկացել է ու շարունակություն չի տվել, կա՛մ վախեցել է, որ մեծ աղմուկ կբարձրանա նախընտրական փուլում։ Չնայած, եթե հակառակ կողմից լիներ, հիմա ՔՊ-ական էշելոնը սոցցանցերով մեկ տարածել ու մեկնաբանել էր իրեն հարմար ձեւով»,- մեզ պատմեցին Մասիսից։
Փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ Սաշա Հակոբյանից։ Օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարեցինք նրան, սակայն նա կա՛մ չէր պատասխանում զանգերին, կա՛մ հեռախոսն անջատված էր։ Ի վերջո, կապ հաստատեցինք նրա որդու՝ ՔՊ-ից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հովհաննես Հակոբյանի հետ։ Վերջինս միջադեպի մասին ասաց, թե տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը, եւ մեր հաջորդ հարցին չպատասխանելով՝ արագ անջատեց հեռախոսը։
Հատկանշական է, որ Հակոբյանների ընտանիքի անունը դատախազության ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Դեռեւս 2023 թվականին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Սաշա Հակոբյանի, նրա որդու՝ Հովհաննես Հակոբյանի եւ նրանց հետ փոխկապակցված այլ անձանց վերաբերյալ, որի մասին ինֆորմացիան տեղադրվել էր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքում։
Դատախազությունը պահանջել էր բռնագանձել Արարատի մարզում գտնվող 15 անշարժ գույք կամ դրանց ավելի քան 288 մլն 86 հազար 250 դրամ ընդհանուր շուկայական արժեքը, մեկ իրավաբանական անձում մասնակցություն, 5 շարժական եւ 5 անշարժ գույքի շուկայական արժեքը, որը դեռեւս գնահատված չէ, ինչպես նաեւ՝ 58 մլն 515 հազար 628 դրամ։ Վերջին գումարը, ըստ դատախազության, 1998-2021 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել։ Պահանջը ներկայացվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, որը նման դեպքերում նախատեսում է գույքի շուկայական արժեքին, իսկ դրա որոշման անհնարինության դեպքում՝ ձեռքբերման արժեքին համարժեք գումարի բռնագանձում։ Գործը 2025 թվականից Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում է՝ դատավոր Լիլի Դրմեյանի վարույթում։ Այն դեռ նախնական դատական նիստերի փուլում է։
Փաստորեն, «թալանը ետ բերելու» կարգախոսով իշխանության եկած ՔՊ-ն Մասիսի քաղաքապետի թեկնածու է առաջադրել մի ընտանիքի ներկայացուցչի, որի հոր եւ ընտանիքի այլ անդամների գույքի վերաբերյալ հարյուրավոր միլիոնների բռնագանձման պահանջով դատական գործընթաց է գնում։ Եվ մինչ դատարանը քննում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը, ՔՊ-ն Հովհաննես Հակոբյանին որոշել է Մասիսի քաղաքապետի թեկնածու առաջադրել։ Իսկ այժմ էլ նրա հոր մասնակցությամբ նոր միջադեպի մասին են խոսում Մասիսում, որից որդին, իր պնդմամբ, տեղյակ չէ։










