«Արցախ» անունը Հ1 եթերում ինչու՞ չի հնչում. հարց Հովհաննես Մովսիսյանին


«Արցախ» անունը Հ1 եթերում ինչու՞ չի հնչում. հարց Հովհաննես Մովսիսյանին
Նոյեմբեր 5 21:59 2026

 

Մենք ունենք օրինակներ, երբ մարդիկ բողոքում են Հանրայինի լրատվությունից, մեր եթերից, բայց երբ այդ նույնը մարդկանց հրավիրում ենք եթեր խոսելու այդ մասին, իրենք չեն գալիս։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության (Հ1) գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստատեսության լրատվության հասցեին հնչող քննադատությանը։

 

«Եթե կհիշեք, երբ դեռ Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանն էր, ԱԺ ամբիոնից բողոքեց, նույն օրը հրավիրեցինք եթեր և ի ուրախություն մեզ նա եկավ և մեր եթերում բացատրեց, թե ինչու է դժգոհ կամ ինչից է բողոքում։

 
 

Հիմա, երբ ինչ-որ մեկը բողոքում է, շատ կարևոր է, թե ով է բողոքողը, որովհետև շատ հաճախ մարդիկ բողոքում են, բայց հետո չեն գալիս եթեր»։

Հարցին՝ ինչո՞ւ Հ1–ի լրատվական թողարկման ժամանակ լուսաբանվում են ՔՊ–ական բոլոր պատգամավորների ճեպազրույցները, իսկ ընդդիմադիրներինը չի լուսաբանվում, նա պատասխանեց. «Կոնկրետ, եթե փաստերով ներկայացնեք, հարցում անեք, մենք կպատասխանենք։ Շատ հաճախ մարդիկ չեն դիտում ինչ-որ կոնկրետ բաներ և հետո սկսում են ինչ-որ գնահատականներ տալ։ Հիմա ես չեմ կարող ասել՝ իսկ ինչու այս լրատվամիջոցը սա չի անում, նա չի անում։ Եթե կա կոնկրետ ստատիստիկա, ձևակերպեք հարցում, այդ հարցմանը պատասխանենք»։