Ովքե՞ր են Ուշիի ոլորաններում ողբերգական վթարի 9 զոհերը. մանրամասներ


Ովքե՞ր են Ուշիի ոլորաններում ողբերգական վթարի 9 զոհերը. մանրամասներ
Նոյեմբեր 5 19:41 2026

Նոյեմբերի 3-ի երեկոյան Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված 9 անձից 6-ը եղել են միջմարզային տաքսի ծառայություն իրականացնող «Opel Zafira»-ի վարորդն ու ուղևորները։

 

Ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ 56-ամյա Մուշեղ Գևորգյանը։ Նա երկու որդի և երկու թոռ ունի։ Վերջերս էր վերադարձել Ռուսաստանից, որտեղ արտագնա աշխատանքի էր մեկնել։ Վերադառնալուց հետո՝ ընդամենը երկու ամիս էր՝ ինչ աշխատում էր որպես տաքսու վարորդ։ Ավտոմեքենան իրենը չէր, պատկանում էր տաքսի ծառայությանը։ Նրա ամուսնացած որդիններից մեկը մասնակցում էր 25-օրյա վարժական հավաքների, տուն վերադառնալուն երկու օր էր մնացել, դեպքից հետո արդեն թույլատրել էին վերադառնալ։

 
 

«Ժամանակին ես դպրոցում եմ աշխատել, Մուշեղն իմ աշակերտն է եղել։ Ֆիզիկա եմ դասավանդել և եղել եմ նրա դասղեկը։ Ընտանիքին շատ նվիրված, համեստ տղա էր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ագարակի վարչական ղեկավար Հայկ Վարդումյանը։

Տաքսու ուղևորներից է եղել Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ 48-ամյա Հմայակ Գաբրիելյանը։ Նա ամուսնացած էր, ունի երկու դուստր, որոնք ուսանողներ են։

«Հմայակը երկար տարիներ անասնապահությամբ էր զբաղվում։ Մի քանի տարի առաջ վթարի էր ենթարկվել, որից հետո վաճառել էր անասունները և տեղափոխվել Երևան։ Հաճախ էր գալիս Ուռուտ՝ հայրական տուն։ Վթարից հետո սայլակի օգնությամբ էր տեղաշարժվում, սակայն նոր էր վերականգնվել և արդեն ինքնուրույն էր քայլում»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ուռուտ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Ջուլհակյանը։

Զոհված ուղևորներից է նաև Տաշիր քաղաքի բնակիչ 26-ամյա Նարինե Բարսեղյանը։ Տաքսու մեջ է եղել նաև նրա նշանածը՝ 29-ամյա Հովհաննես Պուլուզյանը։ Զույգը երեք ամիս առաջ էր նշանադրվել, միասին աշխատում էին Երևանի բանկերից մեկում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Տաշիրի համայնքապետարանից։

Տաքսու մյուս ուղևորը՝ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 22-ամյա Էրիկ Մխոյանն է, սովորել է Լեռնահովիտի միջնակարգ դպրոցում, այնուհետև Երևանի պետական բժշկական համալսարանում, ունի կրտսեր եղբայր։ Նա Եվրոպայի չեմպիոն էր։ Այս մասին հայտնեցին Լեռնահովիտի համայնքապետարանից։

Տաքսու ուղևորներից զոհվել է նաև Էջմիածին քաղաքի բնակիչ 14-ամյա Անգելինան։

Վթարի հետևանքով զոհվել են նաև «Jeep Compass»-ի վարորդը՝ Արագած խոշորացված համայնքի Հնաբերդ բնակավայրի բնակիչ 49-ամյա Վահրամ Ասատրյանը, նրա կինը՝ 49-ամյա Անժելա Կյուրեղյանը, և որդին՝ 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը։ Ընտանիքը նաեւ 2 դուստր ունի։

Վթարի հետևանքով վիրավորվել են ռուսական համարանիշներով կցորդիչով «Կամազ» բեռնատարի վարորդը՝ Երևանի բնակիչ 41-ամյա Յուրի Դավթյանը, «Chevrolet Volt»-ի վարորդը՝ Ապարանի բնակիչ 34-ամյա Ռաֆիկ Եղիազարյանը, և նրա ուղևորը՝ Ապարանի բնակիչ 34-ամյա Գեղամ Տոնոյանը։