Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագծի մերժման դեպքում իշխանության հրաժարականի տարբերակի վերաբերյալ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի առաջարկը իշխող կուսակցությունում համաձայնեցված սցենար չէ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանն ընդդիմությանն առաջարկել էր աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն՝ հիշատակելով այն ժողովրդի կողմից մերժվելու դեպքում իշխանության հրաժարականի տարբերակը։
ԱԺ նախագահն իր քաղաքական գնահատականն է ներկայացրել հանրաքվեով ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հնարավոր մերժման հետևանքների վերաբերյալ։
«Թող տան հնարավորություն, թող ժողովուրդը որոշի։ Ժողովուրդը կորոշի, որ պետք չի, ես կարծում եմ՝ դա կնշանակի նոր քաղաքական իրավիճակ, այդ թվում՝ բացասական մեզ համար, որովհետև իրենք կկարողանան փաստարկել, որ մեր քաղաքական գլխավոր հանձնառությանը ժողովուրդը դեմ է»,- ասել է Ռուբինյանը։
Ռուբինյանի գնահատմամբ՝ այդ դեպքում ընդդիմությունը իշխանության հեռանալու պահանջը ներկայացնելու ավելի ուժեղ փաստարկ կունենա։
Նա նաև չի համաձայնել սահմանադրական գործընթացը փակուղային համարելու գնահատականին՝ նշելով, որ տարբեր սցենարների քննարկումն ինքնին վկայում է լուծումների որոնման մասին։










