«Դեռևս վերջնականապես կնքված և ուժի մեջ մտած չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։ Երբ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին, միանգամայն օրինաչափ հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն է սպասարկելու իշխանության ներկայացրած «ԹՐԻՓՓ» նախագիծը, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
Նա շարունակեց, որ իշխանությունը համոզում էր՝ Հայաստանը մտել է խաղաղության դարաշրջան, իսկ այսօր արդեն հայտարարում է․ «Ամեն ինչ կանեն, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև 2031 թվականը»։
«Եթե խաղաղության պայմանագրի կնքումը ապագայի նպատակ է, այլ ոչ թե՝ երաշխավորված արդյունք, ապա ինչո՞ւ եք Հայաստանի ռազմավարական ապագան կապում մի նախագծի հետ, որի անվտանգային, տնտեսական արդյունավետությունն ու երաշխիքները չեք կարողանում հստակ փաստարկված ներկայացնել։ Դուք ներկայացնում եք «ԹՐԻՓՓ» նախագիծը, բայց չեք պատասխանում ամենակարևոր հարցերին՝ ի՞նչ է իրականում շահելու Հայաստանն այսօր՝ վավերացման դեպքում։ Եթե այս նախագիծը Հայաստանի համար է, ուրեմն ցույց տվեք դրա անվտանգային բաղադրիչները, երաշխիքները, որ այն ապահով կլինի և շահավետ։ Եթե այն բխում է մեր ազգային շահերից, ապա ներկայացրեք հստակ հաշվարկներ, իրավաբանորեն հաստատված երաշխիքներ և անվտանգության հստակ մեխանիզմներ»,- հավելեց պատգամավորը։
Յոլյանի խոսքով՝ մինչ այժմ նախագծի շուրջ պտտվող հարցերին որևէ հստակ պատասխան չի տրվել։
«Այնպես, ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքը դրել եք սակարկման սեղանին, այնպես էլ թմբկահարում եք հարատևության մասին՝ խարխլելով պետականությունը։ Տնտեսական օգուտների մասին եք խոսում՝ առանց անվտանգության երաշխիքի։ Ամիսներ առաջ նույն ոգևորությամբ խոսում էիք Ադրբեջանից էժան բենզին բերելու մասին։ Հիմա հարց՝ ո՞ւր է ձեր 430 դրամանոց բենզինը։ Այդ տնտեսական հնարավորությունից, այո՛, միլիոնավոր դոլարներ շահում է Ադրբեջանը, Հայաստանը՝ առայժմ 0 դրամ։ Դրա համար էլ մեր սուվերեն տարածքում իրականացնում են ինժեներական աշխատանքներ։ Պետությունը չի կարող իր ինքնիշխանությունը գրավ դնել՝ հանուն ապագա տնտեսական օգուտների, որոնց չափը, պայմաններն ու ստացման մեխանիզմները նույնիսկ հստակ չեք ներկայացնում։ Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ սկզբից երաշխավորված խաղաղություն, հետո՝ «ԹՐԻՓՓ»»,- եզրափակեց պատգամավորը։










