«Ստեփանավանում մեր պայքարը շարունակվում է։ Վստահ եմ՝ բոլոր տեսաձայնագրություններ տեսել եք, որ «Ուժեղ Հայաստան»-ի վերնաշապիկով մեր համակիրները, գրասենյակային,որքան գիտեմ՝ նաև աշխատողներ են։ Այդ գումարը իրենք փորձում են դիտարկել որպես «ընտրակաշառք», իրենց մոտ մոնտաժված տեսաձայնագրություններ են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։
Մխիթարյանը ՔՊ-ի շրջանում ակտիվություն է նկատում,միևնույն ժամանակ համոզմունք ունի, որ ՔՊ-ն հասկանում է, որ Ստեփանավանում խնդիր է ունենալու։
«Այս պատճառով իրենց վերջին «կրակոցը» ցույց տվեցին՝ այդ տեսաձայնագրությունը գցելով ֆեյսբուքյան հարթակ։ Բայց Ստեփանավանում մեր թիմը ուժեղ է։ Ստեփանավանում մենք գնում ենք փոփոխության»,- հավելեց պատգամավորը։
Քաղաքական գործիչը վստահեցրեց, որ Ստեփանավանում իր թիմակիցները շարունակում են քարոզարշավը։
«Վստահ եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «անհանգիստ» վիճակը հենց խոսում է այն մասին, որ ժողովրդի լեզվով ասած՝ «գետին իրենց ոտքերի տակից փախչում է»»,- նշեց Մխիթարյանը։










