«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է հեռացնել Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին։
Կուսակցության վարչության նիստում կայացված այս որոշումը նոր հարցեր է առաջացնում հատկապես այն հանգամանքի ֆոնին, որ Ստեփանյանի անունը նախկինում հայտնվել էր համայնքային միջոցների ենթադրյալ հափշտակության և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ քրեական գործի շրջանակում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ից հեռացումը կապված է նրա կուսակցական կարգապահության հետ։ Թե կոնկրետ ինչ է արել, չեն մանրամասնում, բայց փաստ է, որ Արթուր Ստեփանյանը համայնքային կառավարման համակարգում նորեկ չէ։ Նա տարիներ շարունակ ղեկավարել է Քարագլուխ համայնքը, իսկ 2017 թվականին դարձել է խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավարը։ 2022 թվականի ՏԻՄ ընտրություններում նա արդեն ՔՊ-ի ցուցակով էր պայքարում համայնքապետի պաշտոնի համար։
Ստեփանյանի քաղաքական ճանապարհը ևս անցել է տարբեր կուսակցությունների միջով։ Նրա անունը կապվել է ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ, իսկ ավելի ուշ նա հայտնվել է իշխանական ՔՊ-ի թիմում։ Հիմա, երբ կուսակցությունը որոշել է հեռացնել նրան իր շարքերից, անխուսափելի է հարցը՝ ի՞նչ փոխվեց այս տարիների ընթացքում։
Ստեփանյանի անունը հայտնվել էր նաև քրեական գործի շրջանակում։
2024 թվականին իրավապահները նրան մեղադրանք էին առաջադրել համայնքային գույքի ենթադրյալ հափշտակության և պաշտոնեական կեղծիքի գործով։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ գործը վերաբերել է նաև ոռոգման համակարգի կառուցմանը, որի ընթացքում, ըստ մեղադրանքի, նախատեսված նոր խողովակների փոխարեն օգտագործվել են հին խողովակներ։ Գործի շրջանակում շրջանառվել էր մոտ 100 միլիոն դրամի չափով գումար։
Սակայն, այստեղ կարևոր է ընդգծել՝ մեղադրանքը դեռևս դատական վճիռ չէ։
Հիմա հիմնական հարցը ոչ միայն այն է, թե ինչու ՔՊ-ն հեռացրեց Արթուր Ստեփանյանին, այլև այն, թե ինչո՞ւ նախկինում նրան վստահեց համայնքի կառավարումը, և ի՞նչ գնահատական է այսօր տալիս նրա գործունեությանը։ Թափանցիկության մասին խոսող ՔՊ-ն ամեն գործընթաց պարուրում է գաղտնիության քողով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։










