ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորել թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։
Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի հիմնօրհնեքի արարողությունը կատարվել է դեռևս 2017 թվականին Եզրաս Սրբազանի ձեռամբ։
Շուրջ 10 տարի Իվանովոյի հայ համայնքը համատեղ ջանքերով, հույսով և աղոթական սպասումով է կառուցել եկեղեցին։
Քաղաքի բազմազգ բնակիչների կարծիքով` հայկական տուֆակերտ աղոթատունն իր ողջ համալիրով պերճաշուք ու յուրօրինակ տեսք է տալիս հնամենի եկեղեցիներով հարուստ քաղաքին։
«Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո խորան բարձրացրեցին Սրբալույս Մյուռոնը, որով Եզրաս սրբազանն օծեց Սուրբ Սեղանը։
Նորակառույց հայկական եկեղեցին թեմակալ առաջնորդը կոչել է Սբ. Հովհաննես Մկրտչի անունով։
Եւ այսպես, 2026 թվականի հոկտեմբերի 17-ը Իվանովոյի հայկական համայնքի համար դարձավ պատմական օր։ Այսուհետ ամեն օր կհնչեն եկեղեցու զանգերը` որպես կոչ աղոթքի ու համախմբման։










