Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան


Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան
Հոկտեմբեր 16 21:39 2026

Պատմական նախաձեռնություն Երևանից․ 500 միլիոն ԱՄՆ դոլարի հանձնառությամբ աջակցություն 30 երկրներում անհետացման ծայրահեղ վտանգի տակ գտնվող և վայրի բնության մեջ արդեն անհետացած 100 տեսակների վերականգնմանը։

Այսօր Երևանում՝ COP17-ին ընդառաջ, Կոլումբիայի հետ համատեղ պաշտոնապես մեկնարկել ենք Վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիան (CARES), որին հիմնադիր մասնակիցների կարգավիճակով միացել են աշխարհի 16 երկրներ։

Նախաձեռնությանը հրապարակայնորեն աջակցել է նաև աշխարհահռչակ դերասան, բնապահպան և Re:wild կազմակերպության հիմնադիր Լեոնարդո Դի Կապրիոն՝ բարձր գնահատելով 16 երկրների հանձնառությունը՝ անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման ուղղությամբ չափելի արդյունքներ ապահովելու հարցում։

Կարևոր է նաև Bezos Earth Fund-ի ներգրավվածությունը տեսակների պահպանության միջազգային ջանքերում։ Հիմնադրամը Re:wild-ի հետ համատեղ իրականացվող Phoenix Species Project նախաձեռնության շրջանակում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի հանձնառությամբ աջակցում է 30 երկրներում անհետացման ծայրահեղ վտանգի տակ գտնվող և վայրի բնության մեջ արդեն անհետացած 100 տեսակների վերականգնմանը։

Այս ամենը վկայում է, որ Երևանում ձևավորվող միջազգային համագործակցությունը միավորում է պետություններին, գիտական հանրությանը, բնապահպանական կազմակերպություններին և բարեգործական հիմնադրամներին։

Հայաստանը դառնում է ոչ միայն կենսաբազմազանության պահպանության համաշխարհային քննարկումների հարթակ, այլև միջազգային նոր նախաձեռնությունների ձևավորման և գործնական համագործակցության կենտրոն։