«Այն, ինչ հենց հիմա տեղի է ունենում, Արթուր Դանիելյանը գրեթե 100 տոկոսով կանխատեսել էր, անգամ դրդապատճառներն էր բացահայտել և մյուսներին հորդորել էր չվախենալ»,- «Ադեկվատ» միաբանության հիմնադիր, քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանի նկատմամբ հետապնդմանն անդրադառնալով՝ ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը։
Նա ընդգծեց՝ ակնհայտ է, որ գործը քաղաքական է։ Իշխանությունն էլ, բնականաբար, դա չի ընդունում։
Ինչ վերաբերում է հանգուցալուծմանը, Մինասյանը նշեց՝ քաղաքական հարցերը ունենում են քաղաքական հանգուցալուծում։
Հիշեցնենք՝ Արթուր Դանիելյանին այսօր են ձերբակալել, նրան մեղսագրում էին «խուլիգանություն»՝ Ֆեյսբուք սոցցանցում արված գրառումների համար։ Ավելի ուշ մեղադրանքը լրացվեց․ ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին («խուլիգանություն») ավելացվեց մի քանի դրվագ ( բոլորը՝ ֆեյսբուքյան գրառումներ), ինչպես նաև 490 հոդվածի 2-րդ մասը` «Ֆեյբուքում գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելը»:
Կալանքի միջնորդություն էր ներկայացվել դատարան, և քիչ առաջ Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում դատավոր Ռ.Սմբատյանը որոշում կայացրեց 2 ամսով կալանավորել քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ նշված դատավորը Փաշինյանի աշխատակազմում 3 տարի վարչության պետ է աշխատել։










