Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար


Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար
Հոկտեմբեր 7 22:37 2026

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ Հայաստանի ցուցաբերած թափանցիկությամբ, հարցերը քննարկելու պատրաստակամությամբ և ծրագրի տնտեսական հնարավորություններով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին՝ Իրան կատարած այցի և TRIPP-ի վերաբերյալ իրանական կողմի ընկալումների մասին։

ժ«Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ ողջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ, բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ, ինչպես նաև տնտեսական հնարավորություններով, որ այդ նույն ենթակառուցվածքների գործարկումը ընձեռելու է հենց Իրանին»,– ասաց Միրզոյանը։

Նախարարը շեշտեց, որ այդ գնահատականը հիմնված է այցի ընթացքում իր ստացած տպավորությունների և լսածի վրա։ Նրա խոսքով՝ որոշ լրատվամիջոցների և ընդդիմադիր շրջանակների ներկայացրած՝ TRIPP-ի շուրջ աժիոտաժը չի համապատասխանում իրականությանը։

 

Միրզոյանը նշեց, որ իրանական գործընկերների հետ ծրագրի շուրջ քննարկումների ընթացքում բարձրացվել են հարցեր, տրվել են պատասխաններ, իսկ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Անդրադառնալով այցի ընդհանուր օրակարգին՝ նախարարը տեղեկացրեց, որ Իրանի ղեկավարության և գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը՝ քաղաքական երկխոսությունից և հարաբերությունների ռազմավարական բնույթից մինչև տնտեսական ու ենթակառուցվածքային հարցեր։ Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումները։

Բեռնափոխադրումների և ավիափոխադրումների վերաբերյալ հարցին պատասխանելիս՝ Միրզոյանն ընդգծեց Իրանի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը՝ հաշվի առնելով միջազգային պատժամիջոցներով պայմանավորված սահմանափակումները։

«Մենք շատ բարձր ենք գնահատում և կարևորում ենք Իրանի հետ մեր հարաբերությունները, և մենք վտանգի տակ չենք դնելու դրանք»,– նշեց նախարարը։

Նա նաև հայտնեց, որ իրանական կողմի մաքսային գոտում բեռնափոխադրումների հետ կապված խցանումների և կուտակումների հարցն ինտենսիվ քննարկվում է համապատասխան գերատեսչությունների հետ։ Միրզոյանի խոսքով՝ կան տեխնիկական լուծումներ, որոնց իրականացումն առաջիկա օրերին ակնկալում է տեսնել։