«Հայաստան» դաշինքը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է որակում


«Հայաստան» դաշինքը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է որակում
Հոկտեմբեր 3 11:15 2026

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարաել, որտեղ նշված է.

««Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կեսգիշերին նրան հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց մեկ ամիս ժամկետով։

Դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդման հերթական դրսևորում:

Հետապնդման ժամանակը պատահական չէ։ Այն սկսվել է Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրություններից առաջ։ Արթուր Օհանյանը վանաձորցի է, ով իր գործունեությամբ վաստակել է համաքաղաքացիների հարգանքն ու վստահությունը։ Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ չեզոքացնել Վանաձորում հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործչին և վախի մթնոլորտ ստեղծել նրա համակիրների շրջանում։

Վանաձորում սա նորություն չէ. քաղաքի բնակիչները լավ են հիշում, թե ինչպես 2021 թվականի ընտրություններից հետո իշխանությունը վարվեց վանաձորցիների քվեի հետ։ Իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. չկարողանալով հաղթել քաղաքական պայքարում՝ իշխանությունը դիմում է քրեական գործերի։

«Հայաստան» դաշինքը՝
• պահանջում է անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումը,

• կոչ է անում իրավապաշտպան և միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին պատշաճ գնահատական տալ նախընտրական շրջանում ընդդիմության նկատմամբ ճնշումներին:

Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը։ Վանաձորի իշխանությունը պետք է որոշեն վանաձորցիները՝ ոչ թե քննչական մարմինները»։