«Ցավալի բան է գիտակցել, որ մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, շարունակելով.
«Սոցիալական ցանցերի, հատկապես ֆեյսբուքյան տիրույթում, երեկվանից շրջանառվում է լեյտենանտ Յակով Սարգսյանի մայրիկի՝ Մարինե Սարգսյանի ծանր առողջական վիճակի մասին լուրը, որը բազմաթիվ սրտացավ մարդիկ՝ ծանոթ թե անծանոթ, տարածում ու գրում են:
Ինքս ճանաչում եմ Մարինեին, տևական ժամանակ նույն աշխատակազմում եմ աշխատել: Հիանալի մարդ է, ընտանիքի լավ մայր, ով այդպես էլ չհաշտվեց որդու կորստի հետ:
2023 թվականի արցախյան մեծ գաղթից հետո Մարինեին պարբերաբար հանդիպում եմ Եռաբլուրում, որտեղ ժամերով նստում է որդու՝ Յաշկայի շիրմաքարի առաջ, վստահ եմ՝ մտքերով անվերջ զրուցում:
54-ամյա Մարինե Սարգսյանի մոտ ախտորոշվել է աուտոիմունային հիվանդություն և լյարդի ցիրոզ:
Այս տարի նա 2 անգամ վիրահատվել է:
Սակայն Մարինեին ապրելու համար անհրաժեշտ է լյարդի հրատապ փոխպատվաստում Բելառուսի կլինիկաներից մեկում: Հակառակ դեպքում վերջինիս կյանքը փրկել հնարավոր չէ:
Մարինեին առողջություն և տոկունություն եմ մաղթում՝ հույսով, որ մեծաթիվ մարդկանց, կազմակերպությունների մասնակցությամբ դրամահավաքն իր նպատակին կծառայի:
Թեմայի մանրամասների, կապի հաստատման և սատարման ճանապարհների մասին լինկը մեկնաբանություններում կդնեմ










