Ադրբեջանը տարբեր ազդակներ է ստանում Հայաստանից՝ հանրաքվե անցկացնելու և սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ, սակայն Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ. խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո պետք է ձեռնարկվեն գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ քայլերը։
«Դրանցից մեկը Հայաստանում հանրաքվեի անցկացումն է և սահմանադրության փոփոխությունը։ Մենք տարբեր ազդակներ ենք ստանում Հայաստանից այս հարցի վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես նոր հայտարարություններ է արել ծրագրերի վերաբերյալ։ Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս քայլերը անհրաժեշտ են խաղաղության համաձայնագրի ստորագրման համար», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։Բայրամովը նաև նշել է, որ Ադրբեջանն իր հերթին կարևոր քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ խաղաղության գործընթացը առաջ մղելու համար։










