Երևանում երիտասարդները ծեծել են 4 հոգու ու փախել․ կան վիրավորներ


Երևանում երիտասարդները ծեծել են 4 հոգու ու փախել․ կան վիրավորներ
Սեպտեմբեր 1 17:48 2026

Օգոստոսի 27-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող «Ակբա» բանկի մոտակայքում, երբ Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Վրեժ Ս․-ն, 18-ամյա Հակոբ Ա․-ն, 17-ամյա Հ․ Պ․-ն և նրանց ևս մեկ ընկեր քայլելիս են եղել, մոտ 20 տարեկան մի երիտասարդի և ընկերոջ միջև, միմյանց երկար նայելու հարցի շուրջ, վիճաբանություն է առաջացել։
        
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրանից հետո նշված երիտասարդը իր ընկերոջ՝ Երևանի բնակիչ, 19-ամյա Էրիկ Գ․-ի և մոտ 6 երիտասարդների հետ պայմանավորվել և հանդիպել են Դավիթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ՝ հետագա պարզաբանումներ կատարելու նպատակով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն նշված վայրում վերջիններս հանդիպելուց հետո Էրիկ Գ․-ն և իր ընկերները, հասարակության նկատմամբ անհարգալից և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, մարդկանց անդորրը հայհոյանքներով խախտելով, ծեծի են ենթարկել Հակոբ Ա․-ին, Հ․ Պ․-ին, Վրեժ Ս․-ին և ոմն Լևոնին։

Ներկաներից մեկը իր մոտ եղած բեյսբոլի մահակով հարվածել է Վրեժ Ս․-ի և Հակոբ Ա․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այնուհետև նրանք նստել են Էրիկ Գ․-ի կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենան և դիմել փախուստի։

Դեպքի վայրում հայտնաբերվել են բեյսբոլի մահակ և արնանման հետքեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը գլխի վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել Վրեժ Ս․-ին և Հակոբ Ա․-ին։