Լարված հանրային լսումներ Վարդահովիտում, որն ուղեկցվել է վիճաբանությամբ ու քաշքշուկով։ Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացու ձայն» ՀԿ-ը։
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում տեղի է ունեցել «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի նախաձեռնած հանրային լսումը։
Ընկերությունը նախատեսում է 2026–2028 թվականներին Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել՝ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով։
Քննարկումն անցել է լարված մթնոլորտում։ Մասնակիցների միջև վիճաբանություն է առաջացել, որը վերածվել է քաշքշուկի։
Նախագիծը նախկինում ևս արժանացել էր բնակիչների դիմադրությանը։ 2025 թվականին Եղեգիսի ավագանին միաձայն անհամաձայնություն էր հայտնել ծրագրին, սակայն 2026 թվականի ապրիլին, առանց նախորդ որոշումը չեղարկելու, նոր որոշմամբ համաձայնություն էր տվել դրան։










