Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում


Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում
Սեպտեմբեր 1 14:18 2026

Դատախազությունը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել. «Դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի նկատմամբ, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2026 թվականի հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:

 «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացում և դրա դիմաց գույքի ձեռքբերում,

«Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում՝ ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամի վատնում,

Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ 208 միլիոն 908 հազար դրամ արժեքով գույքի ապօրինի օտարման սխեմա,

 Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում՝ 151 միլիոն 126 հազար դրամի հանցավոր ծագումը քողարկելու եղանակով:

Տեղեկացնենք նաև, որ 2026 թվականի օգոստոսի 24-ին ստացվել են ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի վերաբերյալ 2025 թվականի հունիսի 19-ին և 2026 թվականի հունիսի 22-ին նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքները:

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գ.Խ.-ն կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ.Խ.-ի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից): Համապատասխան ցուցման առկայության դեպքում, վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում: Ընդ որում, վիրահատության կատարման համար ներկայում ՀՀ-ում առկա են հնարավոր գործիքակազմերը, տեխնիկական միջոցները և մասնագետները՝ ովքեր կարող են կատարել և կատարում են այդպիսի վիրահատական միջամտություններ:

Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է նաև, որ Գ.Խ.-ն չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար»։