Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան


Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան
Օգոստոս 24 22:03 2026

«Ինքնաբացարկի հիմքը դա օրենքի միանշանակ պահանջ էր, քանի որ դատավորը քննիչ է աշխատել և եղել է այս քրեական գործով քննչական խմբի կազմում։ Դա իր մասնակցությունը բացառող հանգամանք է»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով դատավորի ինքնաբացարկին։

Աթանեսյանը, խոսելով գործի վերաբերյալ, նշեց, որ չնայած իր 26 տարվա մասնագիտական փորձը, դժվարացնում է այն մեկնաբանելը, քանի որ, ըստ նրա,  Հայաստանում տեղի ունեցած ցանկացած քաղաքական գործընթաց որոշակի ենթատեքստ է ունեցել, այս դեպքում որևէ բան չկա։«Ես կալանքի նիստի ժամանակ, քանի որ փողերի լվացման մեղադրանք կա, խնդրեցի քննիչին ցույց տալ, ո՞ր փողն է կեղտոտ։ Ցույց չտվեց, որովհետև կամ կառավարությունը վարկ է տվել, կամ վաճառել են գույքը և կոպեկ-կոպեկ վերադարձել են պետական բյուջե»,– ասաց նա։

Ըստ նրա, սա ուղղակի մի բանի մասին է վկայում, որ գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք, ինչի մասին է։ 

«Պետք է կալանավորել մարդուն, կալանավորում են ցանկացած ձևով։  Գործ չկա ու չի կարող լինել, որովհետև ամեն ինչ այնքան օրինական եղել, որ չգիտեմ ինչ ասեմ»,– ասաց Տ. Աթանեսյանը։