Երևանի կենտրոնում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել


Երևանի կենտրոնում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել
Օգոստոս 24 21:36 2026

Այսօր՝ օգոստոսի 24-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում կառուցվող բազմաբնակարանային էլիտար շենքում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հին Երևանցի 3/2 հասցեում կառուցվող էլիտար շենքում դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։


Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնականի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Միխայիլ Առաքելովն է, ով աշխատում է «Էլեկտրոլիֆտ» ընկերությունում և նշված շենքում աշխատանքներ կատարելիս 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի համար նախատեսված հորանում, իսկ նշված շենքի կապալառուն «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն է, տեխնիկական հսկողը «Վրեժ Սարգսյան» Ա/Ձ-ն, շինարարության սկիզբը՝ 06․07․2023 թվական, ավարտը՝ 06․07․2025 թվական։