Փաշինյանի այսօրվա՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության մասին ասվածը ինքնին իրավական իմաստով հանցագործության խոստովանություն էր. Հակոբյան


Փաշինյանի այսօրվա՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության մասին ասվածը ինքնին իրավական իմաստով հանցագործության խոստովանություն էր. Հակոբյան
Օգոստոս 24 20:50 2026

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության մասին ասվածը ինքնին իրավական իմաստով հանցագործության խոստովանություն էր կամ հաղորդում սեփական հանցագործության մասին։ Իր մեկնաբանությամբ փաստեց, որ 2019-ին արդեն գիտեր պատերազմի անխուսափելիության կամ նախապատրաստման մասին և գիտակցաբար իր հայտարարությամբ նպաստել է դրան, կամ որ գոյություն ուներ Ադրբեջանի հետ նախնական պայմանավորվածություն»,- նշել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։ 

Ըստ նրա, քաղաքական և իրավական գնահատականի տեսանկյունից այսօրվա հայտարարությունը իսկապես կարող է շատ լուրջ հարց բարձրացնել։

«Եթե Փաշինյանն այսօր ասում է, որ «Արցախը Հայաստան է ու վերջ» քաղաքականությունը Հայաստանին «փակուղուց բերեց» և կանգնեցրեց ապագայի խաչմերուկում, ապա առաջանում է միանգամայն օրինաչափ հարց. ի՞նչ էր նա հասկանում 2019 թվականին այդ նույն խոսքերն ասելով Ստեփանակերտի հրապարակում։

Եթե այդ պահին նա արդեն գիտեր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմել, կամ եթե այդ մասին գոյություն ուներ որևէ նախնական պայմանավորվածություն, ապա այդ հայտարարությունը կարող է դիտարկվել որպես հասարակությանը մոլորեցնող քաղաքական քայլ, իսկ դրա հետևանքների համար Նիկոլը պիտի պատասխանատվության ենթարկվի։

Եթե 2019-ին «Արցախը Հայաստան է ու վերջ»-ը մեզ տարավ փակուղի, ապա ինչո՞ւ էր Հայաստանի վարչապետը հենց 2019-ին Ստեփանակերտում այդ նույն քաղաքականությունը ներկայացնում որպես Հայաստանի պետական քաղաքականության հիմք։

Ի՞նչ գիտեր նա այդ պահին։

Ի՞նչ էր պայմանավորված Ադրբեջանի հետ։

Ի՞նչ տեղեկություններ ուներ առաջիկա պատերազմի վերաբերյալ։

Եվ եթե 2020-ի պատերազմը կանխատեսելի էր, ապա ինչո՞ւ Հայաստանի հասարակությանը դա չէր ասվում։

Իսկ եթե պատերազմը կանխատեսելի չէր, ապա ինչո՞ւ այսօր 2019-ի այդ քաղաքականությունն է ներկայացվում որպես այն ճանապարհը, որը մեզ «փակուղի» հասցրեց։

Ամենակարևոր հարցը սա է…»,- գրել է Մետաքսե Հակոբյանը