ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Անկախ ու ազգային պետություն, բայց ոչ երբեք կոլլաբորացիոնիստական համակարգ։
2018-2026թթ. հակապետական քաղաքականության արդյունքում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հեռանում է Անկախության հռչակագրի իդեալներից։
Գործող ռեժիմը հետեւողականորեն հեռանում է Անկախության հռչակագրից եւ նույնիսկ հայտարարում է նոր սահմանադրության ընդունման դեպքում այն չներառել ներածության մեջ։
Կա կարծիք, որ, դժբախտաբար, Հայաստանում չկա ինքնիշխան պետություն, քանի որ իշխող թիմն իրականացնում է բազմաթիվ քայլեր, որոնք ուղղորդված են Ադրբեջանից եւ Թուրքիայից։
Ֆորմալ առումով այն, իհարկե, գոյություն ունի, բայց դասական իմաստով՝ գրեթե ոչ։
ՀՀ անվտանգային սպառնալիքն Ադրբեջանն է, որի պաշտոնյաները տարիներ շարունակ պահանջել ու պահանջում են ՀՀ կառավարիչներից փոխել սահմանադրությունը, պայքարել եկեղեցու վերնախավի դեմ, հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից ու այդպես շարունակ։
Իշխող ռեժիմը ադրբեջանցիների պահանջների մի մասը արդեն բավարարել է, մի մասի բավարարումն էլ ընթացքի մեջ է։
Գործող ռեժիմը շատերին հիշեցնում է մարշալ Պետենի գլխավորությամբ Վիշիի ռեժիմ-կառավարությունը Ֆրանսիայում
(1940-1944):
Հանուն արդարության պետք է նշել, որ, այնուամենայնիվ, Վիշիի ու ՔՊ-ի իշխանությունների մեջ կա տարբերություն։
Վիշիի ռեժիմը ենթարկվում էր բացառապես նացիստական Գերմանիային, իսկ նիկոլիզմի ռեժիմը փորձում է բավարարել մի շարք արտաքին դերակատարների պահանջը ու նախ եւ առաջ ՝ Ադրբեջանի։
Բայց թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում միակողմանի զիջումներն արդարացվում են «խաղաղության դարաշրջանով»։
Թե՛ Պետենի Ֆրանսիայում, թե՛ Փաշինյանի Հայաստանում զվարճանքի, համերգների ու անտարբերության պակաս չկա։
Մի կողմից թուլանում ու գահավիժում է ազգային պետականությունը, իսկ մյուս կողմից՝ տեսարանների շքերթը։
Բայց Ֆրանսիան չհանդուրժեց հակազգային ու հակապետական Վիշիի ռեժիմը՝ համախմբվելով Շառլ դը Գոլի շուրջ ու ընտրելով պետություն ունենալու ճանապարհը։
Ֆրանսիան հաղթեց կոլլաբորացիոնիզմը, նաեւ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի աջակցության արդյունքում։
Աշխարհի մեծերն աջակցեցին Ֆրանսիայի անկախության պայքարին, քանի որ ֆրանսիական ազգը Դը Գոլի գլխավորությամբ որոշեց ոչ թե հնազանդվել , այլ պայքարել նացիզմի եւ նրան սպասարկող Վիշիի ռեժիմի դեմ։
Անկախ հայրենիքն ու ազգային պետականությունը չեն կարող ամրապնդվել հակառակորդների խոսույթով եւ պահանջներով»։










