150 աշխատակից այս պահին անգործ է, իսկ հաճախորդներն էլ զրկված են մարզվելու և բուժվելու հնարավորությունից. «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներ ու հաճախորդներ


150 աշխատակից այս պահին անգործ է, իսկ հաճախորդներն էլ զրկված են մարզվելու և բուժվելու հնարավորությունից. «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներ ու հաճախորդներ
Հուլիս 11 17:50 2026

«Սպասելի գործողություններն էին, սակայն տուժում են շարքային քաղաքացիներն ու աշխատակիցները, որոնք հացի խնդիր ունեն, չգիտեն՝ իրենց հետագա անելիքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մուլտի Վելնես կենտրոն» սպորտային համալիրի հաճախորդներից մեկը, ով կենտրոնի աշխատակիցների և այլ հաճախորդների հետ բողոքի ակցիա է իրականացնում համալիրի մոտ։

 

Հիշեցնենք՝ «Մուլտի Վելնես կենտրոն» սպորտային համալիրը արդեն քանի օր է չի աշխատում։ «Մուլտի Վելնես» ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներից մեկն է, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բաժնեմաս ունի։ Ինչպես Գագիկ Ծառուկյանին պատկանող մյուս ընկերությունները, սա ևս կապարակնքվել է իրավապահների կողմից ու համալիրի աշխատանքը դադարեցված է։ 

 

Հաճախորդներն ընդգծում են, որ իրենք տարեկան փաթեթ ունեն, սակայն արդեն քանի օր է, չեն կարողանում մարզվել։

 

«Ոչ միայն որպես հաճախորդ, նաև որպես քաղաքացի եմ ներկա այստեղ ու իմ մտահոգությունն եմ հայտնում։ Նաև իմ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին ու իր ընտանիքին։ Այս բոլոր դեպքերը հաջորդեցին պարոն Ծառուկյանի՝ քաղաքական պայքարի մեջ մտնելու հետ։

 

Մի տեսանյութով հնարավոր չի ջնջել մարդու՝ տարիների ընթացքում ձեռք բերած վարկանիշը»,- ասաց հաճախորդներից մեկը։ 

 

Ակցիայի մասնակից մեկ այլ հաճախորդ նշեց, որ ինքը այցելում է այս կենտրոն առողջականալու, ֆիզիկական վիճակը բարելավելու համար. «Մեկ շաբաթ է չեմ պարապում, հիմա վատ եմ ինձ զգում։ Սա ինձ շատ հարմար է, քանի որ տարբեր ծառայություններ կան։ Որակավորված մարզիչներ են աշխատում այստեղ»։ 

 

Համալիրի մարզիչն ընդգծեց, որ իրենք այստեղ հավաքվել են ոչ թե խնդրանքով, այլ պահանջով՝ 150 աշխատակից այս պահին անգործ է. «Ունենք տուն, վարկեր, անչափահաս երեխաներ։ Կորցրել ենք մեր աշխատանքը, ի՞նչ անենք։

 

Անորոշ վիճակ է։ Մենք արդեն 6 օր է աշխատանք չունենք։ Հասկանում ենք՝ վերքը տիրոջն է ցավ տալիս, բայց արդեն 150 աշխատակից գործ չունի, տվեք մեզ աշխատանքի հնարավորություն, մենք աշխատենք, մնացած ձեր հարցերը դուք լուծեք»