Թշնամիների կարիք ունեցող իշխանություն. Օրուելի «1984»-ը՝ հայկական իրականությունում. Սուրենյանց


Թշնամիների կարիք ունեցող իշխանություն. Օրուելի «1984»-ը՝ հայկական իրականությունում. Սուրենյանց
Հունիս 11 15:27 2026

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.

«Նորմալ ժողովրդավարական երկրներում ընտրություններից հետո հաղթած առաջնորդները հանդես են գալիս հասարակությանը համախմբող ուղերձներով։ Նրանք արժևորում են ոչ միայն իրենց ընտրողներին, այլև այն քաղաքացիներին, որոնք քվեարկել են այլ քաղաքական ուժերի օգտին՝ գիտակցելով, որ երկրի կայունությունն ու զարգացումը հնարավոր են միայն հասարակական համերաշխության պայմաններում։

Սակայն այսօրվա Հայաստանում մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր։ Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը նոր բաժանարար գծերի ստեղծման մասին է։ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած վերջին ամբարտավան հայտարարությունները դրա հերթական վկայությունն են։

Իրեն «հաղթող» հռչակած իշխանության ղեկավարը չի խոսում ազգային համախմբման, երկրի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարման կամ ապագայի տեսլականի մասին։ Փոխարենը՝ նա շարունակում է թիրախավորել քաղաքական հակառակորդներին և պիտակավորել հարյուր հազարավոր քաղաքացիների (խոսքը կես միլիոն ընտրողների մասին է), որոնք ընտրությունների ընթացքում կատարել են այլ քաղաքական ընտրություն։ Սա ավելի շատ խոսում է ոչ թե ուժի և ինքնավստահության, այլ քաղաքական խոցելիության և իշխանության ճգնաժամի մասին։

Այս համատեքստում ակամա հիշվում է Ջորջ Օրուելի «1984» վեպը։ Այդ ստեղծագործության առանցքային գաղափարներից մեկն այն է, որ իշխանությունը մշտապես կարիք ունի թշնամիների։ Ընդ որում, թշնամիները կարող են փոխվել՝ կախված քաղաքական իրավիճակից, սակայն նրանց գոյությունը պարտադիր է, քանի որ հենց դրա միջոցով է հնարավոր պահպանել վախի, կասկածի և հակադրության մթնոլորտը։

Եթե այսօր Փաշինյանի հիմնական թիրախում են Ռուսաստանի հետ բաց և ինստիտուցիոնալ հարաբերություններ ունեցող քաղաքական ուժերն ու գործիչները, ապա դա պայմանավորված է նաև Մոսկվայի հետ նրա ներկայիս քաղաքական խնդիրներով։ Սակայն նույն տրամաբանությամբ վաղը, եթե փոխվեն արտաքին քաղաքական առաջնահերթությունները կամ քաղաքական շահերը, «կասկածելի» և «անհուսալի» կարող են հռչակվել արդեն Արևմուտքի հետ համագործակցող ուժերն ու անհատները։

Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանի կողմից գոյություն չունեցող «գործարքների» մասին պատմությունների հերքումը քաղաքական առումով նրան ավելի խոցելի է դարձնում: Ի վերջո, որևէ բանական մարդ գործարք չի փնտրում մի քաղաքական համակարգում, որի գոյության հիմնական հենասյուներից մեկը մշտապես նոր թշնամիների ստեղծումն ու հասարակությանը հակադրությունների, ցնցումների մեջ պահելն է։

Հայաստանում թևածում է Օրուելի «1984»-ի ուրվականը»: