Փաստաբան Զարուհի Փոստանջյանը դիմել է գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին, արդարադատության նախարարին։
«ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին
Հաղորդում ներկայացնող՝ Վարդան և Սպարտակ Ղուկասյանների պաշտպան Զարուհի Փոստանջյան
06 հունիս, 2026 թվական
Հաղորդում հանցանքների մասին
Ես՝ փաստաբան Զարուհի Փոստանջյանս, հանդիսանում եմ Երևան-Կենտրոն (ԱԱԾ) մեկուսարանում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա որդու` Սպարտակ Ղուկասյանի պաշտպանը։ Սույն հաղորդմամբ և ահազանգով Ձեր ուշադրությունն եմ հրավիրում բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից իրականացված բացահայտ հակաիրավական, հակասահմանադրական և իմ պաշտպանյալների ֆիզիկական անվտանգությանը սպառնացող արարքների վրա։
I. Գործի փաստական հանգամանքները և ժամանակագրությունը.
Առաջին դրվագ.
Իմ պաշտպանյալներ Վարդան և Սպարտակ Ղուկասյանների նկատմամբ քաղաքականացված հետապնդումը կրում է շարունակական բնույթ և մեկնարկել է դեռևս 2025 թվականին։ Մասնավորապես, 2025 թվականի հոկտեմբերի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով ՀՀ Ազգային ժողովի ամբիոնը և պաշտոնական դիրքը, Վարդան Ղուկասյանի հասցեին հնչեցրել է ուղղակի սպառնալիք՝ հրապարակավ հայտարարելով. «...պետք է դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից...»։ Այս ուղղակի հրահանգին և ազդակին անմիջապես հաջորդել է իրավապահ մարմինների կտրուկ արձագանքը՝ իմ պաշտպանյալը կալանավորվել է և մինչ օրս պահվում է մեկուսարանում, ինչը փաստում է, որ քրեական վարույթը ծառայեցվում է գործադիր իշխանության ղեկավարի հնչեցրած նպատակներին։
Երկրորդ դրվագ.
Հետապնդման հաջորդ փուլում թիրախավորվել են նաև իմ պաշտպանյալի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք։ 2026 թվականի մայիսի 18-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով հանրային հարթակը և մեծ լսարանը, հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, որտեղ անձնական հարձակում է գործել Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի դեմ՝ վերջինիս պաշտպանական գործունեության պատճառով։ ՀՀ վարչապետը հանրության ներկայությամբ հնչեցրել է հետևյալ վիրավորական և զրպարտչական ձևակերպումները. «...ստահակ...» (կրկնվել է բազմիցս), «...էժան, էժանի մեկը...», «...ծախված շայկա...», «...էժան գնա Վարդանիկին պաշտպանի էժանի մեկը, գնա Վարդանիկին պաշտպանի...», «...կաշառակեր ստահակ, ստահակ, գետինը մտնես, գետինը մտնես, գետինը մտնես...»։
Երրորդ դրվագ.
Շարունակելով նույն հակաիրավական հռետորաբանությունը՝ 2026 թվականի հունիսի 5-ին, իշխող քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, հանդես գալով հանրային ելույթով, իմ պաշտպանյալ Վարդան Ղուկասյանի և վերջինիս հարազատների հասցեին հնչեցրել է ուղղակի սպառնալիքներ և կանխորոշել վերջինիս դատավճիռը՝ հայտարարելով. «Եվ մենք Ձեզ երաշխավորում ենք, որ Վարդանիկը ու իր նմանները իրանց ամբողջ կյանը տալու են քրեակտարողական հիմնարկի իրանց խցի պատին... հիշում եք որ 2018 թվականին էստեղ ասում էինք վենդետա չի լինելու, կներեք սխալվել են վենդետա լինելույա, բոլոր գործակալները հատ առ հատ նստելու են, իրանց հարազատները մինչև իրանց կյանքի վերջը իրանց տանելու են, իրանց այցելելու են...»։
Չորրորդ դրվագ.
Քաղաքական հարձակումներին և հնչեցված սպառնալիքներին զուգահեռ, սույն հաղորդումը ներկայացնելուց ընդամենը օրեր առաջ, արձանագրվել է գործնական-տակտիկական ճնշման բացահայտ դրսևորում. Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, լիովին անսպասելիորեն տեղափոխվել և հանձնվել է ՀՀ ԱԱԾ մեկուսարան: Այս անսպասելի տեղափոխությունը, որը տեղի է ունեցել հայր և որդի Ղուկասյանների դեմ ուղղված հանրային ագրեսիվ հայտարարությունների և «վենդետայի» անոնսավորման ֆոնին, ակնհայտորեն կրում է մեկ վայրում ընտանիքի անդամների նկատմամբ կենտրոնացված հոգեբանական ու ֆիզիկական ճնշումներ գործադրելու և նրանց խոցելիությունը մեծացնելու միտում։
II. Իրավական հիմնավորումներ.
1. Անմեղության կանխավարկածի կոպտագույն և շարունակական ոտնահարում (ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդված, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մաս).
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (Վարչապետ, ԱԺ փոխնախագահ) կողմից հանրային ամբիոններից անձին քաղաքական դաշտից «դուրս շպրտելու» կոչերը, նրան կանխավ մեղավոր ներկայացնելը և պատժի չափ կանխորոշելը («իրանց ամբողջ կյանքը տալու են խցի պատին») ուղղակի ճնշում է դատական իշխանության և վարույթն իրականացնող մարմինների վրա։ ՄԻԵԴ ուղենիշային նախադեպերի՝ մասնավորապես` Allenet de Ribemont v. France (10.02.1995 թվական, գանգատ թիվ 15175/89, § 36-37) և Fatullayev v. Azerbaijan (22.04.2010 թվական, գանգատ թիվ 40984/07, § 159-160) գործերով սահմանված իրավական դիրքորոշումների համաձայն՝ պետական պաշտոնյաների նմանատիպ կանխակալ և ուղղորդող հայտարարությունները իսպառ վերացնում են անձի արդար դատաքննության հնարավորությունը և հանդիսանում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի բացահայտ խախտում։
2. Փաստաբանական գործունեության անկախության երաշխիքների տապալում.
ՀՀ Գործադիր իշխանության ղեկավարի կողմից փաստաբան Զարուհի Փոստանջյանին հանրային հարթակից թիրախավորելը, վիրավորելն ու որպես «ծախված շայկա» կամ «կաշառակեր» անվանելը՝ ուղղակիորեն կապելով նրա փաստաբանական աշխատանքի հետ («գնա Վարդանիկին պաշտպանի»), հանդիսանում է ուղղակի հարձակում փաստաբանական ինստիտուտի վրա։ Ըստ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ փաստաբանը չի կարող նույնացվել իր պաշտպանյալի հետ։ Նման վարքագիծը նպատակ ունի ահաբեկել պաշտպաններին և զրկել Վարդան Ղուկասյանին արդյունավետ իրավական օգնությունից։
3. Կյանքին և առողջությանը սպառնացող ռիսկեր (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներ).










