Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն կրկին կալանավորել են


Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն կրկին կալանավորել են
Մայիս 27 09:29 2026

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին, կրկին կալանավորել են։ Այս մասին հայտնում է 5-րդ ալիքը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

 

Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել: Առաջին ատյանի դատարանը երեկ կալանավորելու որոշում է կայացրել, երեկոյան նրան կալանավայր են տեղափոխել:

 

Փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը հեռուստաընկերությանը հայտնել է, որ դատական նիստն անցկացվել է առանց պաշտպանների մասնակցության:

 

«Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»,- ասել է նա

 

Փաստաբանները դեռ չեն ստացել դատարանի որոշումը:

 

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025-ի նոյեմբերին: Այդ օրը ՔԿ–ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

 

Ըստ փաստաբանների՝ քննչական կոմիտեն խուլիգանություն էր որակել Սպարտակ Ղուկասյանի՝ դատարանի դահլիճում արած «սրանք воздух են» հայտարարությունը: Նախաքննական մարմինը հայհոյանքներ էր գտել այս նախադասությունում։

 

Հիշեցնենք` Գյումրու համայնքապետի որդին 2025 թվականի հոկտեմբերից գտնվում էր տնային կալանքի տակ։