Տնտեսվարողներն ահազանգում են՝ ՌԴ արտահանվող ելակը Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել


Տնտեսվարողներն ահազանգում են՝ ՌԴ արտահանվող ելակը Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել
Մայիս 25 18:04 2026

Հայկական բեռնատարների վարորդներն ու տնտեսվարողներն ահազանգում են, որ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ ֆիտոսանիտարիան արգելել է արտահանումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով ոչ թույլատրելի նյութի առկայությունը, գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Նշեմ, որ մինչ այժմ նույն տնտեսվարողները որևէ նման խնդրի չեն բախվել, արտահանվող պտուղ-բանջարեղենը համապատասխանել է բոլոր նորմերին։

Վերջիններս ահազանգում են, որ անակնկալի են եկել նման որոշումից, և ելակը չիրացնելու դեպքում հսկայական վնասներ են կրելու։

Շուտով կեռասը ևս պետք է արտահանվի, և տնտեսվարողներն ունեն մտավախություն, որ նույն որոշումը կարող է կայացվել իրենց հանդեպ նույնպես։

Ակնհայտ է, որ այս դեպքը ևս պայմանավորված է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ։ Բազմիցս զգուշացրել ենք, որ այն պայմաններում, երբ մեր գյուղմթերքի զգալի մասը իրացվում է ռուսական և ԵԱՏՄ շուկաներում, անթույլատրելի են հարաբերությունները վնասող արտահայտություններն ու քայլերը։

Էկոնոմիկայի նախարարը, որն ասում էր՝ կգտնենք այլընտրանքային շուկաներ, հենց այս պահին ի՞նչ է առաջարկում ելակ արտահանողներին։

Սրանց համար քաղաքականությունը արկածախնդրությունների դաշտ է։ Մինչդեռ, ահռելի վնասներ է կրում մեր տնտեսվարողը, մեր քաղաքացին»,-գրել է Դանիելյանը։