ՀՀ բազմաթիվ խոշոր վառելիքի լցակայաններում հեղուկ գազ կա՛մ չկա, կա՛մ վաճառվում է շատ բարձր գնրերով՝ հասնելով մեկ լիտրը 300 դրամի։ Հիշեցնենք, որ նախորդ տարիներին տարվա այս եղանակին հեղուկ գազի գինը տատանվում էր 120-150 դրամի սահմաններում։
Ապրիլի 23-ին Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը, Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ, փակվել էր մեծ բեռնատարների համար։ Այդ մասին հայտնել էին Վրաստանի ճանապարհների դեպարտամենտից՝ պարզաբանելով, որ պատճառը տեղացած առատ ձյունն է։
Ապրիլի 25-ին այն բացվեց միայն մարդատար մեքենաների համար, իսկ հաջորդ օրը նաև՝ բեռնատարների, սակայն այսօր՝ ապրիլի 27-ի առավոտյան հեղուկ գազի գինը գազալցակայաններում բարձրացել է մինչև 300 դրամ։ Այն գազալցակայանները, որտեղ հեղուկ գազը դեռ վաճառվում է և՝ մի փոքր էժան՝ 280 դրամով, մեքենաների հերթը հասնում է մինչև 1 կիլոմետրի։
Panorama.am-ը կապ հաստատեց խոշոր գազալցակայնների գրասենյակների հետ։ Gulf -ի և CPS-ի հեղուկ գազի վաճառքի ստորաբաժանումներից հայտնեցին, որ հեղուկ գազ չեն վաճառում, քանի որ այդ պահին չունեն։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ վերջին երկու օրերին Վերին Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի՝ այդ թվում նաև բեռնատարների և կցորդիչներով բեռնատարների համար, Ինչը նշանակում է, որ հեղուկ գազի գինը պետք է նվազեր, սակայն այդպես չէ։
Սոցիալական ցանցում հեղուկ գազով մեքենա ունեցողների խմբում արդեն քննարկում է գնում, որ նման գների դեպքում կանցնեն բենզինի։ Որոշներն էլ վիճակը մեկնաբանում են Ռուսաստանի կողմից քաղաքական դրդապատճառներով հայ ընտրողների վրա ճնշում գործադրելու վարկածով։
Panorama.am-ը փորձեց կապ հաստատել Էկոնոմիկայի նախարարության հետ՝ պարզաբանում ստանալու համր, սակայն Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բոլոր երեք հեռախոսահամարին ուղղված զանգերն այդպես էլ մնացին անպատասխան՝ չնայած, որ դրանք արված էին ոչ ընդմիջման ժամին։










