«Մենք մտադիր ենք ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ մեծամասնություն». «Հայաստան» դաշինքն ընտրական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ


«Մենք մտադիր ենք ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ մեծամասնություն». «Հայաստան» դաշինքն ընտրական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ
Ապրիլ 23 16:10 2026

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ առաջադրման հայտ ներկայացրեց «Հայաստան» դաշինքը։ Դաշինքի ընտրական ցուցակում  ընդգրկված է 213 անձ՝ 72 կին, 141 տղամարդ։  Ցուցակը ԿԸՀ ներկայացնելուց հետո դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք ընտրություններին մասնակցում են հաղթելու ակնկալիքով։ 

«Մենք մտադիր ենք ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ մեծամասնություն և հասարակությունն այդ վստահությունը ներշնչում է  մեզ։ Մեր շփումները, այդ ընթացքում մեր գործունեությունը, մարդկանց հետ աշխատանքը տալիս է վստահություն, որ այս ընտրություններով փոփոխվելու է  իշխանությունը, և ընդդիմադիր դաշտը պետք է այս խնդիրն իր առաջ ունենալով՝ գնա համագործակցության հետընտրական շրջափուլում»,- ասաց Մինասյանը։ 

Նա ընդգծեց, որ իրենք գնում են ընտրության շատ մեծ ձայն ստանալու համոզումով. «Եթե չի հաջողվում ստանալ դա, ապա նաև ընդդիմադիր դաշտի հետ այնպիսի լայն համագործակցություն լինի, որը թույլ կտա այս իշխանություններին զրկելու վերարտադրվելու հնարավորությունից։

Անգամ եթե նույնիսկ կա քննադատություն, մենք կարող ենք հարգանքով մոտենալ այդ քննադատությանը, բայց որևէ ձևով չփակել համագործակցության ճանապարհն այս իշխանություններից ձերբազատվելու համար»։