«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի քաղաքական դաշտում նոր քննարկում է հասունանում, որի առանցքում ոչ միայն կոնկրետ թեկնածուի հարցն է, այլ պետական կառավարման ողջ մոդելի վերաիմաստավորումը։ Նախաձեռնության հեղինակը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ Էդմոն Մարուքյանի առաջնորդությամբ, որը հանրապետության նախագահի պաշտոնում առաջարկում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը։
Հայաստանի հասարակությունն ու քաղաքական համակարգը, ըստ նախաձեռնության հեղինակների, հայտնվել են խորքային ճգնաժամի մեջ։ Ավանդույթի ուժով ձևավորված ճշմարտությունները խեղաթյուրվել են, ինստիտուտները՝ թուլացել, հեղինակությունները՝ արժեզրկվել, իսկ հանրությունը կանգնած է արժեքային որոնումների առաջ։ Այս պայմաններում խոսքը, նրանց համոզմամբ, պետք է լինի ոչ թե կոսմետիկ փոփոխությունների, այլ համակարգային վերափոխման մասին։
Վերջին տասնամյակների փորձը ցույց է տվել, որ Հայաստանում իշխանության կենտրոնացումը պարբերաբար փոխել է իր կրողներին՝ ռազմաքաղաքական էլիտայից մինչև զանգվածային առաջնորդներ, և այսօր արդեն նկատելի է խոշոր կապիտալի ազդեցության աճը։ Սակայն այս բոլոր փուլերում անփոփոխ է մնացել առանցքային խնդիրը՝ հակակշիռների և փոխզսպման մեխանիզմների բացակայությունը, ինչը թույլ չի տվել ձևավորել կայուն և հավասարակշռված կառավարման համակարգ։
Այս ֆոնին առաջարկվում է ուժեղ նախագահի ինստիտուտի ձևավորում, որը կկարողանա իրական հակակշիռ դառնալ գործադիր իշխանությանը։ Նախագահը, ըստ այդ պատկերացման, պետք է ունենա ոչ միայն սահմանադրական լիազորություններ, այլ նաև հանրային վստահություն և հեղինակություն, ինչը հնարավորություն կտա զսպել իշխանության կենտրոնացումը և ապահովել համակարգի բնական հավասարակշռությունը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածության առաջադրումը դիտարկվում է հենց այս տրամաբանության մեջ։ Նախաձեռնության հեղինակների համոզմամբ, ներկայիս բևեռացված քաղաքական դաշտում գրեթե բացակայում են այնպիսի գործիչները, որոնք կարող են համախմբել հասարակությանը։ Քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը և մշակութային շրջանակները բաժանված են, և այդ պայմաններում անհրաժեշտ է համազգային նշանակության կերպար, որը կկարողանա դուրս գալ նեղ քաղաքական շահերի շրջանակից։
Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը քննադատության է արժանացել այն շրջանակների կողմից, որոնք հարցադրում են անում աշխարհիկության և ազատական գաղափարների համադրելիության վերաբերյալ։ Սակայն առաջարկի հեղինակները պնդում են, որ նման հակադրությունը մակերեսային է։ Նրանց կարծիքով, ազատական արժեքները՝ ազատ շուկան, մասնավոր սեփականության պաշտպանությունը և անհատի ստեղծագործ ազատությունը, կարող են համադրվել ազգային և պահպանողական արժեքների հետ՝ ձևավորելով հավասարակշռված գաղափարական հենք։
Նշվում է նաև, որ արտաքին աջակցությամբ իրականացված բարեփոխումները հիմնականում սահմանափակվել են համակարգի ստորին և միջին օղակներով՝ չհասնելով վերին մակարդակին։ Քաղաքական ղեկավարությունը, որպես կանոն, դուրս է մնացել ինքնափոփոխման գործընթացից՝ պահպանելով լիազորությունների առավելագույն ծավալը։ Արդյունքում ձևավորվել է մի համակարգ, որտեղ արագ որոշումներ կայացնելու կարողությունը գերակայում է հաշվետվողականության նկատմամբ։
Առաջարկվող մոդելը միտված է հենց այս տրամաբանությունը կոտրելուն՝ փոփոխությունը սկսելով վերևից։ Ուժեղ նախագահի ինստիտուտի ձևավորումը, ըստ նախաձեռնության հեղինակների, կարող է դառնալ այն մեխանիզմը, որը կվերականգնի իշխանությունների տարանջատումը և կստեղծի իրական փոխզսպման համակարգ։
Այսպիսով, քննարկման առարկան միայն կոնկրետ թեկնածությունը չէ, այլ Հայաստանի պետական կառավարման ապագա կառուցվածքը։ Քաղաքական ուժերին ուղղված այս նախաձեռնությունը նաև հստակ մարտահրավեր է՝ ձևակերպելու իրենց դիրքորոշումը և պատասխանելու հարցին, թե ինչպիսի պետություն է անհրաժեշտ Հայաստանին առաջիկա փուլում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում










