Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ»


Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ»
Ապրիլ 23 09:54 2026

 

 

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը պաշտոնապես դիմել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով «Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման» հիմքով վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

 

Փորձագետների համոզմամբ, Փաշինյանի «էքսցենտրիկ» պահվածքը, վարքն ու որևէ նորմի մեջ չտեղավորվող հայտարարություններից շատերը վաղուց են «խնդրվում»՝ նման վերաբերմունքի արժանանալու:

 

Իսկ Ավետիք Չալաբյանը, ինչպես տեղեկանում ենք նրա սոցցանցային գրառումից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին դիմել է այն բանի համար, որ ապրիլի 17-ին ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ Նիկոլ Փաշինյանը «գռեհիկ կերպով վիրավորել է իր քաղաքական մրցակիցներին և նրանց բազմահազար հետևորդներին»:

 

Հարկավ, դրանից հետո Փաշինյանը նույն սոցցանցերում ու հանրային հարթակներում բազմահազար հայրենակիցներից ստացել է վաստակած հակադարձումներ ու բնորոշումներ, բայց դա խնդրի էությունը չի փոխում, վարչապետի պաշտոնն զբաղեցնողի անընդունելի վարքն ու պահվածքի վիրավորականությունը չի մեղմում:

 

«Հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի դիմումը պատշաճ ընթացք ստանա։ Եթե դուք էլ եք ձեզ վիրավորված համարում Նիկոլ Փաշինյանի գռեհիկ արտահայտություններից, կարող եք նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին»,- ընդգծում է Չալաբյանը:

 

Եվ էլի՝ դժվար է չհամաձայնել: Իհարկե, անցած 8 տարում, առավել ևս՝ վերջին 1-2 տարվա մեջ, մանավանդ՝ այս վերջին ամիսներին գրեթե ամենօրյա ռեժիմով արձանագրվող փաշինյանական անընդունելի դրսևորումների պարագայում, թվում է, իմաստ չունի դրանց վրա կենտրոնանալ կամ փորձել իրավական հուն մղել: Նաև միգուցե միամտություն կթվա, որ առկա ավտոկրատ իշխանավարման պայմաններում որևէ պետական հաստատություն (թեկուզ սահմանադրորեն անկախ համարվող) նման դիմումներին գործնական ընթացք կտա:

 

Սակայն մյուս կողմից՝ իսկապես չի կարելի ձեռքերը ծալած մի կողմ քաշվել ու կարծել, թե՝ «մեկ է, բան չի լինելու»: Իսկ որպեսզի «բան լինի», նման նախաձեռնությունները, ինչպիսին դրսևորել է Ավետիք Չալաբյանը, պետք է օրինակելի ու վարակիչ լինի նաև այլ ակտիվ գործիչների, քաղաքական ու հասարակական ուժերի համար:

 

Նախաձեռնություն՝ նախաձեռնության վրա: Դիմում՝ դիմումի ետևից: Ու ոչ միայն «Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման» հիմքով: Նաև ընտրապայքարի կանոնների, մրցակցության հավասար հնարավորությունների սկզբունքի խախտման հիմքերով: Քավ լիցի, Փաշինյանը գրեթե ամեն օր է մի նման առիթ տալիս:

 

Իսկ հիմա պատկերացրեք, որ ունենք մի իրավիճակ, երբ բազմաթիվ քաղաքական ուժեր, գործիչներ, պարզապես քաղաքացիներ դիմում են պատկան մարմիններին՝ Փաշինյանին պատասխանատվության կանչելու համար: Եվ եթե դա «կարմիր քարտ» էլ չդառնա, ապա առնվազն «դեղին» կլինի