Ստամբուլում այս տարի ևս չեն թույլատրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման անցկացումը, այս մասին հայտնում է Agos-ը։
Նշվում է, որ «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը» դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ ապրիլի 24-ին, ժամը 19:00-ին Քադըքյոյում՝ Սյուրեյյա օպերայի շենքի դիմաց հիշատակի հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն նահանգապետարանը մերժել է դիմումը։
Կազմակերպիչները հայտարարել են, որ հիշատակի միջոցառումների անցկացումը ժողովրդավարական իրավունք է և կոչ են արել վերանայել ընդունված որոշումը։ Նրանք նաև ընդգծել են, որ նման հավաքները միտված են հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին զոհվածների հիշատակին, ինչպես նաև նպաստել հասարակական հիշողության և առերեսման գործընթացին։










