Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ժողովրդին ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով ծրագրի վերջին հատվածը, որում տեղ են գտել այն միջոցառումներն ու անելիքները, որոնք կուսակցությունը հնարավորություն կունենա իրականացնել խորհրդարանական մեծամասնություն և Կառավարություն ձևավորելուց հետո՝ 2026-2031 թվականներին։
Այդ ծրագրերից մեկը կենսաթոշակների ինդեքսավորումն է այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։
«Բարեբախտաբար, մեզ մոտ հիմա միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը և սա պատմական նորություն է, պատմական փոփոխություն է Հայաստանում սոցիալական ապահովության բնագավառում։
Մենք նախորդիվ նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցրինք նվազագույն պարենային զամբյուղին, որը նշանակում էր, որ թոշակառուն պետք է իր մեկ ամսվա անհրաժեշտ մինիմալ կալորիան ապահովեր, և հիմա, մի քանի տարի անց, ներառյալ կենսաթոշակի հետվճարի համակարգը, մենք միջին կենսաթոշակը բարձր ենք պահում երբեմն 10 տոկոսով նվազագույն սպառողական զամբյուղից։
Մենք 2028-ից սկսած կենսաթոշակները կինդենքսավորենք այնպես, որ կենսաթոշակն այլևս Հայաստանում նվազագույն սպառոկանա զամբյուղից ցածր չի լինի»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև թոշակառուներին արված իր՝ թոշակի ավելացված մասով տոմս գնելու և Լառնակա մեկնելու առաջարկին հետևած քննարկումներին։ Ասաց՝ այո, դա հնարավոր է։










