«Ապրելու երկիր» կուսակցությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հետ հուշագիր է ստորագրել՝ հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին միասին մասնակցելու համար։ Այս մասին արտահերթ համագումարի ժամանակ հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Հունիսի 7-ի ընտրությունները ընրտություններ են հանձնվելու և պայքարելու միջև, պայքարելու, որ ունենանք արժանապատիվ պետություն, ուժեղ ղեկավարություն։ Հունիսի 7-ին մոտ 2,5 միլիոն մարդ հնարավորություն է ունենալու կատարել այդ ընտրությունը, 2,5 միլիոն մարդ, բացի 19-ից, այն 19-ից, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում, բացառապես հայ լինելու պատճառով, այս ընտրությունը նաև այդ մարդկանց մասին է։
Դա ընտրություն է ունենալ այնպիսի պետություն, որտեղ հայ գերիների վերադարձը կդառնա անվիճելի առանջահերթություն, մենք համոզված ենք, որ Սամվել Կարապետյանը չի խնայելու ոչինչ մեր հայրենակիցների վերադարձի հարցում։ Ռուբեն Վարդանյանը հաճախ ասում է՝ ամենավտանգավոր երևույթը անտարբերությունն է, հետևաբար մենք չենք կարող անտարբեր լինել մեր հայրենիքի ճակատագրի նկատմամբ և ստանձնում ենք մեր բաժին պատասխանատվությունը»,-նշել է Մեսրոպ Առաքելյանը։










