Մայիսի 4-ին և 5-ին՝ Եվրոպական քաղաքական համաժողովի օրերին, ակցիաներ կանենք, որոնք նվիրված կլինեն Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամին և Արցախի խնդիրներին, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մենք այդ օրերին բողոքի ակցիաներ կիրականացնենք: Այս օրակարգով հանդիպումներ ենք իրականացնում ընդդիմադիր ուժերի հետ։ Այն կուսակցությունները, որոնց հետ հանդիպել ենք, կիսում են տեսակետները, որ սա հնարավորություն է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած նախընտրական խնջույքը վերածել Փաշինյանի կառավարած ՀՀ-ի մասին ճշմարտությունը ներկայացնելուն: Մարդիկ պետք է մոտենան ԵՄ պատվիրակներին և իրենց դժգոհությունը հայտնեն, ասեն, որ Փաշինյանի ռեժիմը ժողովրդավարական չէ»,-ասաց նա։
Քաղաքական գործիչն ընդգծեց, որ իրենք առաջարկներ ունեն, որոնք հակաեվրոպական չեն, ավելի եվրոպական են և ստեղծել են խորհրդանիշ՝ կայանալիք գագաթնաժողովին։
Աշոտյանը ներկայացրեց ձեռնաշղթաների տեսքով խորհրդանիշը։
«Հայաստանում այդ խորհրդանիշի շրջանակները սոսկ կլորակներ չեն, Հայաստանում դրանք կանդալներ են։ Իրենք գալիս են ոչ թե ժողովրդավարություն քարոզելու, այլ երկդիմիություն քարոզելու։ Մեր ուղերձը Եվրոպական համայնքին հետևյալն է՝ սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը՝ կանդալված մարդ, կանդալված ազգ, կանդալված պետություն։ Մեր ուղերձը հետևյալն է. դադարեցրեք երկդիմությունը և կանգնեք ժողովրդավարության կողքին։ Սա եվրոպական արժեքների և հայկական իրականության մեկտեղման սիմվոլիկա է»,-նշեց ՀՀԿ փոխնախագահը:










