Փոքրիկ խմբակին հորդորում ենք խաղաղվել, խաղաղվել ու նորից խաղաղվել. Ալեքսանյան


Փոքրիկ խմբակին հորդորում ենք խաղաղվել, խաղաղվել ու նորից խաղաղվել. Ալեքսանյան
Ապրիլ 17 16:42 2026

«Նիկոլ Փաշինյանը խառնվել է իրար, գնալով հասկանում է, որ ինքն իշխանությունը կորցրել է, կորցրել է ժողովրդի վստահությունը; Մարդիկ փոփոխությունները տեսնում են Սամվել Կարապետյանի հետ»,-Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։

Այս ընթացքում  անընդհատ լարված խոսակցություններ ու քաշքշուկ էր տեղի ունենում դատարանի մոտ բերված ոստիկանների ու հավաքի մասնակիցների միջև։

«Հարգելի ոստիկաններ, դուք 7 ռյադով կանգնել եք, մեզ էլ ասում եք՝ ցրվեք, ցրվեք։ Մենք հանգիստ, խաղաղ ակցիա անող ենք»,-ասաց Ալեքսանյանը։

Նրա հայտարարությունը դուր չեկավ կողքին կանգնած ոստիկանության փոխգնդապետ Լևոն Ղազարյանին, նա վերցրեց բարձրախոսն ու կոչ արեց հավաքվածներին տեղափոխվել դեպի դատարանի շենքի մոտ։

Շարունակելով ելույթը՝ Ա. Ալեքսանյանն ասաց, որ նախորդող օրերին ճնշումներ, հետպանդումներ են եղել իրենց կուսակցության կանանց նկատմամբ, սակայն չեն վախենում, պայքարը շարունակելու են հանուն Հայաստանի։

«Փոքրիկ խմբակին հորդորում ենք խաղաղվել, խաղաղվել ու նորից խաղաղվել; Փոփոխությունը շատ մոտ է, ժողովուրդը սպասում է դրան ու այդ փոփոխությունը բերելու է Սամվել Կարապետյանը։ Այսօր այստեղ մենք պահանջում ենք ազատություն Սամվել Կարապետյանին։ Սիրելի քաղաքացիներ, ձեր անունից, Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիների անունից ասում եմ Փաշինյանին, վախեցող չկա, ձեր ռեպրեսիվ, ապօրինի գործողություններից վախեցող չկա, պայքարելու ենք մինչև ունենանք ուժեղ Հայաստան»,-հայտարարեց Ալեքսանյանը, ինչին հաջորդեցին «ազատություն, ազատություն» վանկարկումներ։