Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։
Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին դատարան բերեցին ոստիկանական ավտոմեքենայով: Դատարանի բակում Սամվել Կարապետյանին նրա աջակիցներն ու համակիրները դիմավորեցին ծափահարություններով և «Սամվել», «Սամվել» վանկարկելով։
Կարապետյանը լրագրողների հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ հիմա խոսելու իրավունք չունի։
«Դատարանը սահմանափակումը վերացվի, սիրով կպատասխանի»,-ասաց Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը կայացել էր ապրիլի 15-ին։ Պաշտպան Արամ Վարդևանյանը Սամվել Կարապետյանի դեմ տնտեսական բնույթի հանցագործություններ կատարելու մեղադրանքով հարուցված քրեական գործ որակում է ակնհայտ ապօրինի, քաղաքական դրդապատճառներով, գործում ողջամտության նշույլ անգամ չկա։ Վարդևանյանի խոսքով, թվեր են ուռճացրել, արարքներ են վերագրել Սամվել Կարապետյանին, մինչդեռ վերագրվող գումարների տասնապատիկից ավելի չափով Կարապետյանը բարեգործություններ է կատարել Հայաստանի ու Արցախի համար։
Պաշտպանները դատարանին ներկայացրել էին Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն, քանի որ Կարապետյանը զրկված է իր գլխավորած ուժի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի կազմման աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից, իսկ առաջիկայում կուսակցության համագումարն է։
Դատարանը որոշել էր այս հարցը քննարկել առաջնահերթության կարգով։
Մինչդեռ Սամվել Կարապետյանի գործով դատախազ Արգամ Դալլաքյանը միջնորդել էր տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումները սկսել են 2025-ի հունիսից այն բանից հետո, երբ իր աջակցությունն էր հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն։ Նա մասնավորապես հայտարարել էր. «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։
Սամվել Կարապետյանը կալանավորվել էր 2025 թ. հունիսի 18-ին։ Դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը փոխել էր Կարապետյանի կալանքը տնային կալանքով և գրավով։
Նախորդ օրերին Կարապետյանի առաջնորդած ուժի անդամներ ու համակիրներ ձերբակալվել են ընտրակաշատք տալու և ստանալու մեղադրանքներով, կուսակցությունում սա որակում են իրենց դեմ ճնշում և հետապնդում՝ քաղաքական հնպատակներով։










