Եթե ոստիկանը շարքային է, դա չի նշանակում, որ ինքն առաջնորդ չէ. Փաշինյան


Եթե ոստիկանը շարքային է, դա չի նշանակում, որ ինքն առաջնորդ չէ. Փաշինյան
Ապրիլ 16 18:10 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 108-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին:

Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին:

Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ոստիկանության բոլոր ծառայողներին տարեդարձի առթիվ, շնորհակալություն հայտնել ծառայության համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոստիկանությունը մեր երկրում կայացման և զարգացման տարբեր փուլեր է անցել. 

«Ոստիկանությունը պետության ողնաշարն է և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի, դա բոլոր քաղաքացիների շահերից է բխում»։

Խոսելով անկախացումից ի վեր ոստիկանության համակարգի կայացման փուլերի մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք շրջադարձային են եղել իրավակարգի և կարգուկանոնի պահպանման և ամրապնդման համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ժամանակին համընթաց դինամիկ զարգացող ոստիկանական համակարգ ունենալը. 

«Ըստ էության, մեր բարեփոխումներով մենք հենց այդ ճանապարհով ենք գնում, բայց երբ ոստիկանության ոլորտի բարեփոխումներն սկսել էինք, այն ժամանակ դա ֆանտաստիկայի ոլորտից էր թվում, երբ մտածում էինք, որ պարեկային ոստիկանություն լինի՝ ամբողջությամբ վերազինված նոր տեխնիկայով, սարքավորումներով, մեքենաներով և այլն»: 

Փաշինյանն ընդգծել է, որ բարեփոխումները շարունակական են լինելու, քանի որ կյանքն ու ընկալումներն անհամաչափորեն արագ են փոփոխվում և ամենօրյա աշխատանքն իր մեջ պետք է պարունակի բարեփոխման տարր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա վերաբերում է և՛ տեխնիկային, և՛ օրենսդրությանը, և՛ համազգեստին, և՛ սպառազինությանը, և՛ կարգավորումներին:

Ըստ վարչապետի, ցանկացած պաշտոնյա, ցանկացած մարդ իր պատասխանատվության և լիազորությունների շրջանակն ունի և չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուրն իր գործառույթների շրջանակում զգա անհատական պատասխանատվություն: 

«Բայց այստեղ հաջորդ խնդիրն էլ կա, որին մենք առերեսվում և գիտակցում ենք՝ ոստիկանության աշխատանքը պետք է լինի սոցիալական առումով երաշխիքներ ապահովող, որովհետև ոստիկանության աշխատանքը շատ բարդ աշխատանք է, կապված է և՛ ոստիկանության աշխատողի, և՛ ուրիշների կյանքի, և՛ անվտանգության հետ: Եվ մենք այս բոլոր գործոնները հաշվի պետք է առնենք: Մենք գնում ենք այս ուղղությամբ և այս տրամաբանությամբ: Կարծում եմ, որ Հայաստանում ունենք ոստիկանության գործունեության այնպիսի ավանդույթներ, որ այդ ավանդույթների վրա հիմնվելով՝ կարող ենք այս փոփոխությունն անընդհատ ապահովել և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինքնությունն ամրացնել, վերափոխել և անընդհատ համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին: Իմ կարծիքով, մենք ընթանում ենք այս ուղղությամբ»,-ընդգծել է Փաշինյանը: