«Այս պահի դրությամբ պատկերն իրավական տեսանկյունից բավականին մտահոգիչ է, բացահայտ կերպով մարդկանց իրավունքներ են ոտնահարվում»,- հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Նա նշեց, որ մինչ այս պահը թույլ չեն տվել իրենց գրասենյակի բերման ենթարկված աշխատակցի մոտ փաստաբան մտնի. «Սա վկայում է այն մասին, որ, հավանաբար, ուզում են մարդու վրա ճնշում գործադրել, որպեսզի իրենց համար ցանկալի ցուցմունք ստանան»։
«Արձանագրում ենք՝ անգամ նախընտրական քարոզչությունը պաշտոնապես չի մեկնարկել ու մեր քաղաքական ուժի նկտամամբ նման բռնաճնշումներ են փորձում իրացնել։ Սա ոչ թե մեր դեմ է ուղղված, այլ Հայաստանի քաղաքացու կամքի միջամտություն է»,- ասաց Մելոյանը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է տեղեկատվություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների, համակիրների ձերբակալման գործի վերաբերյալ, հրապարակել է ձայնագրություններ, նշվում է, որ «ացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր. ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք»։
Ինչ վերաբերում է ձայնագրությանը, Գ.Մելոյանն ասաց. «Բոլորս էլ տեսել ենք, թե ձայնագրությունների հետ կապված ինչ փաստական հանգամանքներ են հայտնի դառնում. երբ նախաքննության գաղտնիքով փաստաբանները կաշկանդված չեն լինում, պարզվում է՝ ձայնագրությունները կարկատված են»։










