Փաստաբանները չեն կարողանում իրականացնել իրենց գործունեությունը, սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։
«Փաստաբանները, համապատասխան գործընթացներ են իրականացրել, ահազանգեր են հնչեցրել, միայն դրանից հետո որոշներին հաջողվել է մոտենալ իրենց պաշտպանյալներին։ Մի մասը առավոտից սպասում է։ Ուզում եմ այս գործընթացի վրա հրավիրել ՀՀ-ում ընտրական գործընթացներին հետևող կառույցների ուշադրությունը», - նշեց նա։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով։ Այդ մասին Aysor.am-ին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի տարբեր գրասենյակներում։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ բերման ենթարկված անդամ Հասմիկ Ամիրզադյանին մեղադրանք է ներկայացվել, քննարկում են խափանման միջոցի հարցը։










