Քաղաքային կառավարումը փաստացի տապալած իշխանությունները շարունակում են «բարեփոխումների» անվան տակ վտանգավոր փորձարկումներ անել քաղաքացիների նյարդերի և առողջության հաշվին, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Փոսառատ ճանապարհների և անձրևներից հետո չաշխատող ջրահեռացման համակարգի պայմաններում հանրային տրանսպորտի վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր։
Ուշադրության շեղումը վարելիս մեծացնում է սխալների և վթարների հավանականությունը։ Ավելին, ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է հայտնվել քաշքշուկի մեջ՝ նույնիսկ աննշան խոսակցության պատճառով։
Երևանում տրանսպորտ վարելն ու տրանսպորտով տեղաշարժվելը վերածվել է իսկական արկածախնդրության։
Քաղաքային կառավարումը ենթադրում է պատասխանատվություն և համակարգային բարելավում, այլ ոչ թե մակերեսային փոփոխություններ, որոնք ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան լուծումներ տալիս դրանց։
Մեր քաղաքացիներն արժանի են անվտանգ, հարմարավետ և կանխատեսելի միջավայրի, ոչ թե պատկան մարմինների ձախողված «մտքի փայլատակումների» զոհը դառնալուն»,-գրել է Առաքելյանը։










