2018 թվականի հեղափոխությունից հետո ամենամեծ քննադատությունը մեր կառավարության և մեծամասնության հասցեին այն է, որ արդարության ոլորտում դեռևս չենք կարողացել հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար, Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ-ում դատական, արդարադատության և արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։ Այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որ մենք պետք է լուծենք առաջիկայում՝ նոր Սահմանադրություն ընդունելով»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում արդարադատությունը կառավարվում է այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, չունեն հաշվետվողականության և պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ։
«Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ինքս էլ ՀՀ-ում չունեմ արդարադատության և արդարության զգացում, սա ֆունդամենտալ պրոբլեմ է, որը պետք է լուծենք»,-ասաց Փաշինյանը։










