Ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին և թիրախավորելու եմ լրատվամիջոցներին.Ռուբինյանը վիճեց լրագրողների հետ


Ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին և թիրախավորելու եմ լրատվամիջոցներին.Ռուբինյանը վիճեց լրագրողների հետ
Ապրիլ 14 14:52 2026

«Չեմ լսել, թե պարոն Սիմոնյանը ինչու է հեռացել, բայց ենթադրում եմ, որ իմ պես զայրացել է, որ որոշ հայաստանյան լրատվամիջոցներ իրենց տերերի հրահանգով փորձում են ստեղծել մի տպավորություն, թե իբր, ինչ որ տնտեսական խնդիրներ կան ՌԴ-ի հետ»,-ԱԺ-ի ճեպազրույցների սրահում հայտարարեց փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով, քիչ առաջ Ալեն Սիմոնյանի գործողություններին, երբ վերջինս լքել է ճեպազրույցների սրահը։

 Լրագրողը հիշեցրեց, որ Մոսկովյան այցից հետո Վլադիմիր Պուտինը և Ալեքսեյ Օվերչուկը կոշտ հայտարարություններ արեցին, իսկ Ալեն Սիմոնյանն էլ այն ժամանակ հակադարձել էր, որ եթե գազի գինը թանկանա  Հայաստանն էլ ԵԱՏՄ-ից և մյուս կառույցներից կհեռանա։

Ռուբինյանը պնդեց, որ Փաշինյանի հետ հանդիպմանը Եվրոպայում և Հայաստանում գազի գների տարբերության մասին Պուտինի հայտարարությունը թանկացման վերաբերյալ ակնարկ չէ։

«Դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է պայմանավորվածություննե՞րը չկատարի, թշնամական գործողություննե՞ր կատարի։ Նման ակնարկ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր և նրանց ենթարկվող լրատվամիջոցները»,- ասաց Ռուբինյանը և շարունակեց. «Ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին և թիրախավորելու եմ լրատվամիջոցներին... Ուզում եմ բոլորդ իմանաք, որ ձեզանից բոլոր այն լրատվամիջոցները, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները,  հայտնվելու են իմ թիրախի ներքո, հիմիկվանից իմացեք»։

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Ռուբինյանի մայրը ուսուցիչ է եղել և նա պետք է հարգի նրա հիշատակը և դաստիարակված պահի իրեն։

«Ես էլ ձեզ եմ խնդրում, պահել դաստիարակված, ոչ մի դաստիարակված մարդ...»,-փորձեց շարունակել Ռուբինյանը։

Լրագրողը հակադարձեց, որ դաստիարակվել է Ռուբեն Ռուբինյանի մայրիկի մոտ։

«Ուրեմն իմ մայրիկը ձեզ լավ չի դաստիարակել, որովհետև դաստիարակված մարդը երբեք չի ասի, հարգեք ձեր մոր հիշատակը։ Ուրեմը ես ցավում եմ, որ իմ մայրիկը ձեզ լավ չի դաստիարակել, բայց ինձ լավ է դաստիարակել»,-շարունակեց Ռուբինյանը՝ հավելելով, թե հասկանում է թե լրագրողներն ինչու են ուզում ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացման թեմայի «փուչիկը փչել».

«Որովհետև կալուգացի օլիգարխն ուզում է այն դարձնել իր քաղաքական կոմպանիայի մի մաս»։

 Ռուբինյանը իրեն անհարմար հարցեր տվող լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին խնդրեց լքել ճեպազրույցների սրահը։

«Դե դուք էլ քաղաքական դաշտը լքեք»,-հակադարձեց լրագրողը։

Ռուբինյանն էլ պատասխանեց, թե ժողովուրդն է որոշելու, թե ով կլքի քաղաքական դաշտը՝ հավելելով. «Վստահ եմ, որ ժողովուրդն մեզ կտա այնքան ավել մանդատ, որ լրագրողները և լրատվամիջոցները, որոնք սնվում են տարբեր օլիգարխների կողմից, ստիպված են լինելու հրապարակել իրենց ֆինանսական աղբյուրները, ու մարդիկ իմանալու են, թե այն լրագրողները, ովքեր գալիս քաղաքական ելույթներ են ունենում՝ ում պատվերով են դա անում։ Օրինակ իմանալու են, թե կոնկրետ դուք ում պատվերն եք կատարում»։

Լրագորղը հորդորեց իր հետ ցուցամատով չխոսել՝ հավելելով. «Ժողովուրդը մեր լրատվամիջոցների միջոցով լավ իմանալու է թե ինչպես է պետական բյուջեն մսխվում... Դուք եք բուջեից ֆինանսավորվում; հանրային փողերը ծախսում եք՝ լրատվամիջոցներին եք թիրախավորում»։