Նախկինների աստղաբույլը` ՔՊ-ի մեջ կամ տհաճ ցուցակ Վահագն Ալեքսանյանի համար


Նախկինների աստղաբույլը` ՔՊ-ի մեջ կամ տհաճ ցուցակ Վահագն Ալեքսանյանի համար
Ապրիլ 13 18:23 2026

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իշխանական քարոզչամեքենայի գործելաոճով արձագանքում է․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հեքիաթներից մեկն այն է, որ նրանք նոր են և նախկինների հետ կապ չունեն։ 

Վահագն Ալեքսանյանը կարծես թե մոռացել է իր և իր թիմակիցների անցյալը, ովքեր իրենց «հատուկ տաղանդի» շնորհիվ նախկիններից դարձել են ներկա։

Ցուցակը բացում է հենց ինքը՝ Վահագն Ալեքսանյանը, ով նախկին ԲՀԿ-ական է։

Մեկ այլ կարկառուն ՔՊ-ական՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նախկին հանրապետական է (տարածված արտահայտությամբ` «ֆիկտիվ»)։ 

Դե, Սասուն Միքայելյանը նախկիններից նախկին է՝ նա հասցրել է լինել և' լևոնական, և' հանրապետական, իսկ հիմա էլ ՔՊ կարկառուն ներկայացուցիչ է։ 

ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը ևս նախկին է։ Նա ակտիվ ԲՀԿ-ական էր, բայց ՔՊ-ն նրան բաց ձեռքերով ընդունեց։ 

Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանն իր հոր`  Աշոտ Արսենյանի հետ, ում նաև պատկանում է «Ջերմուկ Գրուպը», հայտնի հանրապետականներ էին։ Բայց դե, պետք է պահեին և ընտանեկան բիզնեսը, և մնային իշխանական տաշտակի մոտ, արդյունքում` նրանք նույնպես դարձան ՔՊ-ական։ 

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատյանն էլ նորերից չէ։ Նա նույնպես նախկին հանրապետական է, ում ՔՊ-ն առանց աչք թարթելու ընդունեց իրենց շարքեր։ 

Իսկ ցուցակը փակում է նախկիններից նախկին, ժողովրդի լեզվով ասված «հին գելերից» մեկը՝ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, ով նույնպես հանրապետական է եղել։ 

Եվ սա ՔՊ-ական նախկինների ցուցակի մի մասն է։ 

Հետևաբար, Վահագն Ալեքսանյանն ուրիշի աչքի փուշը փնտրելու փոխարեն, ավելի լավ է զբաղվի իրենց աչքի գերանը հանելով։

Աղբյուրը՝ Yerkir.am